▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուն էշ ես...

ԱՎՈ...Արցախում զոհված բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանի հուշերը Մոնթե Մելքոնյանի մասին 

ՆԱ ոչ լեգենդ էր, ոչ էլ առասպել: Նա ՄԱՐԴ ԷՐ: Հողողեն: Ես նրա մասին հուշն այս գրում եմ ոչ իբրև մտերմի կամ ընկերոջ, այլ իբրև զինվորը պաշտպանական անյ շրջանի, որի հրամանատարը ինքն էր: Իմ գիտակցական կյանքում հանդիպածս միակ մարդը, որը կատարյալ է մարդկային իր ամբողջ ներաշխարհով, Մոնթեն էր, այն հումանիստ, կատակասեր ու վերին աստիճանի աչալուրջ մարդը:
Ես ունեմ քաղցր մի հիշողություն, որը վերապրելուց փառավորվում է հոգիս: 92-ի նոյեմբերի 8-ն էր: Այդ օրը ինձ բախտ վիճակվեց նրա հետ նետվել մարտի, և այդ մարտը դաս կդառնա ինձ համար, որի ամբողջ տեսարանը կնքված է իմ հիշողության էկրանին: Մարտադաշտում նա ոգի էր, առյուծ:
Ճարտարի գումարտակը հաջողությամբ գրավեց Որյան սարը, մենք էլ բարձրացանք Խազազ: Ղաջարի դարպասը հանդիսացող դիրքերի մոտ ծավալված դաժան մարտում ունեցանք զոհեր և մի շարք վիրավորներ: Թշնամու արկը ընդհատել էր հրմանատար Արմենի կյանքը անտառում: Ավոն տեղյակ էր դրան: Գիտեր նաև, որ վատթար է դրությունը: Երբ թշնամու ուղղաթիռները օդ բարձրացան, մենք պատրաստվում էինք թողնել բարձունքը: Թշնամու օգնության հասած ուժը նեղում էր: Եվ լսեցինք Ավոյի ձայնը ռադիոկապի մեջ:
«Անդառը, անդառը պահեք»,- գոչում էր: Մենք միայն մարտից հետո իմացանք, թե ինչու է քաջ հրամանատարը ստիպում անտառը պահել: Մենք կրկին «Թուք իմ պես զինվոր պիտի ըլլաք»,- հաճախ էր ասում, երևի ինքն էլ չըմբռնելով , որ իր նման զինվոր լինելու համար հարկավոր է առաջին հերթին իր նման մարդ լինել: Բարի էր և, ի տարբերություն բոլոր հրամանատարների, երբեք չէր հայհոյում, և իր համար ամենածանր հայհոյանքը , որը ստիպված օգտագործում էր ջղայնացած րոպեներին , այս էր ընդամենը՝ «Թուն էշ ես» :
Միշտ խուսափում էր ավելորդ զոհեր տալուց ու յուրաքանչյուր զինվորի կորստյան համար տառապում էր: 92-ի սեպտեմբերին, երբ մեր գումարտակը հերոսաբար դիմադրում էր թուրքական տասնյակ տանկերին ու հարյուրավոր հետևակին , մի օր մարտից հետո հավաքեց մեզ ու ասաց.
«Թուք արծիվներ եք: Լավ ջարդ տվիք ազերիներին, բայց տղաների կորուստը ինձ շատ կլացացնե»: Նա բյուրեղյա հոգի ուներ և յուրաքանչյուր զինվորի հոգեբանության մեջ ոգեշնչել էր ամենավեհ զգացմունքը՝ հայրենասիրությունը, որ ամենակարևորն էր կործանվող հայրենիքի համար: Չէր խմում ու չէր ծխում, միայն… շատ էր մածուն ուտում:
«Ադիկա թույն է»,- հաճախ էր կրկնում, երբ օղի էին առաջարկում: Մենք ծանր տարանք նրա կորուստը: Ոմանք երկյուղում էին, որ մենք տանուլ կտանք այս պատերազմը: Սակայն նա Հայտնվում էր մեզ մոտ ամեն մարտի ժամանակ, ու նրա դասերն ու ոգին մեզ առաջ են մղում: Մարզիլլուն նրա համար ճակատագրական եղավ: Մենք չէինք ուզում հավատալ… Ես ռադիոկապով Նորայրից (քեռուս տղան է) կամեցա իմանալ ճշմարտությունը: Լսեցի նրա հուսահատ ձայնը.
«Բոլորին, բոլորին … »,- միայն այսքանը ու ինձ համար ամեն ինչ հասկանալի էր: Վախճանվել է «Օ- Օ»-ն: Նա ոչ լեգենդ էր , ոչ էլ առասպել էր նա: Նա ՄԱՐԴ էր: Հողեղեն, որը Միացյալ նահանգներից եկել էր կործանվող Արցախը փրկելու: Նա փրկեց Հողը, Երկիրը, Մարդկանց, ինքը այդպես էլ հավիտենից հավիտյանս զրկվելով տիրոջ լույսից: Նա դարձավ լեգենդ ու առասպել՝ սերունդներին կտակելով ապրելու իրավունքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին