▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել

 

Դերասան Վարդան Պետրոսյանն  օրերս ազատ է արձակվել: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլ Բաղդասարյանը:

«Վարդան Պետրոսյանը դիմել է վարչակազմի ղեկավարությանը, որպեսզի միջնորդությամբ դիմեն դատարան` պայմանական ազատելու նպատակով: Մի քանի անգամ մերժում է ստացել, որից հետո մերժում է ստացել նաև «անկախ» հանձնաժողովի կողմից, հետո արդեն անկախ հանձնաժողովից դրական եզրակացություն ստանալուց հետո դիմել է դատարան և նոր դատարանի որոշմամբ վաղաժամկետ պայմանական է ազատվել, ինչը նշանակում է, որ նա այսօր էլ կարող է մեկնել երկրից, որովհետև իր նկատմամբ դատական ակտը մտել է ուժի մեջ: Բարդ գործընթաց էր, որովհետև այն չունի հստակ չափանիշներ, որ դեպքում մարդը կարող է ազատ արձակվել վաղաժամկետ, որ դեպքում` ոչ: Այսինքն` կանխատեսելի չէ, որ մարդ պետք է դրսևորի այնպիսի վարքագիծ, որի արդյունքում դրական որոշում կստանա: Քանի որ բացարձակ  հայեցողական լիազորություններ ունեին վարչակազմի ղեկավարությունը և անկախ հանձնաժողովը, շատ  դժվարությամբ և բավական մեծ հիմնավորումների շնորհիվ հաջողվեց այդ գործընթացն անցնել»:

Փաստաբանը նշեց, որ սխալ է այն տեղեկությունը, որ Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել նախագահից ներում խնդրելու շնորհիվ:

«Վարդան Պետրոսյանը խնդրանքով երբեք չի դիմել  Հանրապետության նախագահին, որ իրեն ներում շնորհեն: Չնայած ինձ անձամբ մի քանի անգամ դիմել են նման առաջարկությամբ, որ դիմեմ Վարդան Պետրոսյանին, սակայն նա միշտ մերժել է: Եթե Վարդան Պետրոսյանը խնդրանքով դիմեր, ապա նա ազատ կարձակվեր դեռ տարիեր առաջ»:

Հավելենք, որ ըստ մեր ունեցած աղբյուրի`  Վարդան Պետրոսյանը` իր ազատ արձակումից չի ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել, որպեսզի ավտովթարից մահացած տղաների ընտանիքի անդամների ցավը նորից չբորբոքի և շահարկումների առիթ չդառնա:

Վարդան Պետրոսյանը հրաժարվում է հարցազրույցներից` թողնելով ամեն ինչ ժամանակի վրա:

Նշենք, որ Վարդան Պետրոսյանն անցել է  օրենքով սահմանված բոլոր ատյանները:  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննել է նրա պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը և որոշել բավարարել այն։

Հիշեցնենք, որ երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի համար մեղավոր ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը 2015թ. սեպտեմբերի 2–ից պատիժը կրում է բաց ռեժիմով, ինչը ենթադրում է, որ առավոտյան ժամը 8-ից դուրս է գալիս ՔԿՀ-ից և մինչեւ 20:00–ն պետք է կրկին ներսում լինի: Այդ ընթացքում դերասանը երկրի ներսում ազատ տեղաշարժման իրավունք ունի, իսկ հանգստյան օրերին պետք է լինի կալանավայրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16–ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, որից երեք տարին պատիժը կկրի բաց ռեժիմով:

Հեղինակ`  Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին