▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

 

exxv

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա),  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին եղել են Բաքվում (մարտի 11-ին), Երեւանում (մարտի 27-ին) եւ Լեռնային Ղարաբաղում (մարտի 28-ին):

Տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր  ստանալ առավել մանրամասն տեղեկություն շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող քաղաքական եւ ռազմական իրավիճակի մասին,  քննարկել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքը եւ անդրադառնալ կարգավորման հաջորդ քայլերին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին եւ արտաքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին: Նրանք նաեւ այցելել են Լեռնային Ղարաբաղում մի շարք տարածքներ: Իրենց հանդիպումներում համանախագահները վերահաստատել են իրենց խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի առնչությամբ, կոչ անելով կողմերին` զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորության եւ իրենց գործողությունների մեջ:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները արտահայտել են  իրենց դիրքորոշումը համանախագահների առաջարկների շուրջ, որոնք վերաբերվում են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը եւ իրավիճակի հետագա սրացումից խուսափելուն, մասնավորապես Զատկի ու Նովրուզի տոների ժամանակ: Նրանք հայտնել են իրենց հանձնառությունը շարունակելու բանակցային գործընթացը հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար:

Համանախագահները նաեւ ընդգծել են շարունակական աջակցության կարեւորությունը դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ընդգծել են իրենց համոզմունքը առ այն, որ հարգանքը հրադադարի ռեժիմի հանդեպ չափազանց կարեւոր է վստահության մթնոլորտի ձեւավորման եւ հետագա բանակցությունների համար:

Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ ներկայացնելու Մինսկի խմբի անդամներին հանդիպումների արդյունքները:

Նշենք նաև, որ Մարտի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին: Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։ նա ընդգծեց, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանացկային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է: Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձևաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձևեր նախաձեռնելու, կարգավորման ձևաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են հենց համանախագահները. այս զգուշացումը ԵԽԽՎ-ում նույնպես պետք է լրջորեն հաշվի առնվի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին