▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարահանողի ճակատին գրված չի լինում ինքնությունը.Ոստիկանության արձագանքը

«Հետք»-ը հոդված ու տեսանյութ է հրապարակել, ուր կայքի  լրագրողներն իրենց վրդովմունքն են հայտնում ոստիկանության Տաշիրի  բաժնի օպերատիվ ծառայողի կողմից նկարահանող խմբի  տրանսպորտային միջոցը կանգնեցնելու և ինքնությունը ստուգելու   գործողությունների վերաբերյալ: Հոդվածում ոստիկանությանը հիշեցվում է,  որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ լրագրողի մասնագիտական  օրինական գործունեությանը խոչընդոտելը պատժվում է օրենքով՝ ընդհուպ  ազատազրկմամբ:

Լրագրողների մեկնաբանությունները իրենց նկատմամբ կատարված  «կամայականությունների» վերաբերյալ՝ առնվազն տարակուսանքի տեղիք  են տալիս ոստիկանության, նաև սեփական իրավունքների ու  պարտականությունների մակերեսային գնահատմամբ: 

Նախ՝ ցանկացած սահմանամերձ բնակավայրում նկարահանումները  օբյեկտիվորեն կարող էին և պետք է գրավեին իրավապահների  ուշադրությունը: Հավատացած եղեք, որ հետախուզական նպատակներով  նկարահանումները կատարվում են հենց «անմեղ» պատրվակներով, ու   նկարահանողների ճակատին գրված չի լինում նրանց ինքնությունն ու  պրոֆեսիոնալ գործունեության տեսակը: Ապա՝ անվտանգության ապահովման նկատառումներով՝ բերեխղճորեն  գործող ցանկացած ոստիկան ունի հայեցողաբար գործելու իրավունք: 

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հանցագործություն կամ վարույթ պահանջող  վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում ոստիկանն իրավունք ունի ստուգելու  քաղաքացիների, ինչպես և պաշտոնատար անձանց ինքնությունը  հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում բերման  ենթարկելու նրանց: Հիշյալ հովածի 3-րդ մասում օգտագործվող «բավարար հիմքեր» հասկացությունը ներառում է կասկածի առիթ տվող ցանկացած տվյալ:  Այսինքն, փաստաթղթերի ստուգման համար բավարար է կասկածի առիթի  ամենանվազագույն շեմն անգամ: Քանի որ նկարահանումները կատարվել  են սահմանամերձ տարածքի բնակավայրերում, ոստիկանության ծառայողն իրավունք ուներ կանգնեցնելու տրանսպորտային միջոցը և պարզելու  անձանց ինքնությունը: Եթե ինքնությունը պարզելուց ու լրագրողական  գործունեություն կատարելու մեջ համոզվելուց հետո ոչ թե առաջարկվեր  ներկայանալ բաժին, որից առաջարկություն ստացողը լիովին ազատ էր  հրաժարվելու, այլ անձինք բերման ենթարկվեին, կունենայինք բոլորովին   այլ պատկեր: Այդ դեպքում բարձրացված աղմուկը կունենար իմաստ ու   նպատակ, իսկ ոստիկանության արձագանքը իր ծառայողի գործունեության  նկատմամբ կլիներ՝ կոշտ ու օրինական:

Սակայն ոստիկանության  ծառայողի կողմից նման գործողություններ չեն ձեռնարկվել, և իրողությունը  չի համապատասխանում լրագրողական արձագանքին: Պարզաբանեմ նաև, որ օրենքով նախատեսված դեպքերում իր  ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանը կարող է  կանգնեցնել տրանսպորտային միջոցներ ու կանգնեցնելու համար  ճանապարհային ոստիկան հրավիրելը պարտադիր չէ: Պարտադիր կլիներ,  եթե տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտություն   առաջանար Ճանապարհային երթևեկության կանոնի խախտման  կասկածանքով: Բայց չէ՞ որ «Հետք»-ի խումբը ՃԵԿ-ի խախտում թույլ չի  տվել… Օպերատիվ ծառայողը կարող է օրինական պահանջներ ներկայացնել՝  լինելով քաղաքացիական հագուստով, եթե ներկայանում ու պարզաբանում  է պահանջի հիմքերը, ինչը և արել է ոստիկանության Տաշիրի բաժնի  ծառայողը: 

 Իմ խորհուրդը զանգվածային լրատվության միջոցների  ներկայացուցիչներին. Մի՛ ընդդիմացեք ոստիկանության ծառայողին, եթե  անվերապահորեն վստահ չեք, որ նրա պահանջն ակնհայտ անօրինական  է:  Մի՛ շտապեք միակողմանի լուսաբանել իրողությունները. ձեր հապճեպ և  զգացմունքային գնահատականներն ու տարածած տեսանյութերը կարող  են հանրային սխալ պատկերացումների ու անվստահության պատճառ  դառնալ:  Եթե կասկածներ ունեք, որ ձեր նկատմամբ կատարվել է   անօրինականություն, ապա նման կասկածի հիմքեր տվող նյութերն ու  փաստաթղթերը տրամադրեք ՀՀ ոստիկանությանը. ստուգման  արդյունքներով ձեզ կտրվի մասնագիտական եզրակացություն, իսկ  մեղավորները կենթարկվեն պատասխանատվության:  Եվս մեկ հիշեցում՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջին  չենթարկվելը ևս իրավախախտում է և առաջ է բերում վարչական   պատասխանատվություն: Եվ որպես ամփոփում. ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները  զգոնության և համարժեք գործողությունների համար իրականում արժանի  են խրախուսման: Ի դեպ, շնորհակալության ու խրախուսանքի են արժանի  նաև անհայտ նկարահանողներին աչալրջորեն վերաբերված  քաղաքացիները, որոնք, ի տարբերություն ոմանց, հասկանում են, թե ինչ է  նշանակում սահմանամերձ տարածք և ինչ վտանգներով կարող է հղի լինել  անտարբերությունը կասկած հարուցող ցանկացած երևույթի հանդեպ: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյան

 Подробнее: https://shabat.am/am/article/133388/-Hetakhuzakan-npataknerov--nkarahanumnery-katarvum

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին