▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն դարձրե՛ք խալերին.Բժիշկներն ահազանգում են

Մայիսը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի ամիս: 

«Այս հիվանդությունը հիմնականում մաշկի գույն արտադրող պիգմենտների՝ մելանոցիդների ուռուցքային պրոցես է: Մաշկից բացի այդ բջիջները կարող են տեղակայված լինել լորձաթաղանթներին, բերանի խոռոչում, միզասեռական համակարգում, արգանդում, բարակ աղիներում, աչքում: Վաղ ախտորոշման դեպքում լիակատար առողջացման կարող ենք հասնել: Ամբղջ աշխարհում յուրաքանչյուր տարի ախտորոշվում է 200.000 մելանոմայով հիվանդների նոր դեպք: 32 տոկոսի դեպքում մահացություն է գրանցվում:

Հայաստանում 2016 թվականին մելանոմայով հիվանդների 502 դեպք է գրանցվել: Սա ահազանգող տվյալ է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը:

Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի մաշկային բաժանմունքի վարիչ Գևորգ Շաքարյանն էլ հավելեց, որ չարորակ գոյացությունների ժամանակ վտանգավոր խալերը կազմում են ուռուցքային պրոցեսների մոտավորապես 1 տոկոսը, որոնք էլ ամենավտանգավորն են:

«Պետք է ուշադրություն դարձնել խալերին՝ համաչափ են դրանք, թե՝ ոչ: Տարբերության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի՝ մաշկաբանի կամ ուռուցքաբանի: Ուշադրություն պետք է դարձնել եզրերի համաչափությանն ու գունային երանգներին: Գիտենք, որ 6 միլիմետրից փոքր խալերը համարվում են բարորակ գոյացություններ, իսկ մեծանալու դեպքում պետք է դիմել բժշկի: Անհրաժեշտ է մասնագետի դիմել նաև խալի թեփոտման, անհետացման,  առաջացած մազերի ընկնելու, քոր գալու դեպքում»,-ընդգծեց Գևորգ Շաքարյանը՝ շարունակելով.

«Տարին մեկ կամ երկու անգամ պետք է մարդ ամբողջովին մերկ կանգնի հայելու առջև և ուսումնասիրի իրեն և տեսնելով ինչ-որ գոյացություն՝ կապ չունի այն մեծ է, թե փոքր, պետք է դիմի մաշկաբանի, որպեսզի կանխեն մելանոմայի առաջացումը»:

Բժիշկները նշում են՝ մեծ դեր են խաղում ուլտրամանուշակագույն ճառագայթները:

«Առաջիկա ամիսներին մարդիկ կմեկնեն ծովափ: Կարևոր է իմանալ, որ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում մեծ է այս ճառագայթների ազդեցությունը, դրա համար կոչ եմ անում զերծ մնալ ծովում գտնվելուց, կամ ունենալ գլխարկ, ակնոց, հագուստ: Ռիսկային գոտում են գտնվում բաց մաշկ, մազեր, աչքեր ունեցող մարդիկ»,-ընդգծեց Միքայել Սահակյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին