▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարանում այսօր հարցաքննվել են Տիգրան Ուրիխանյանն ու Անի Հովհաննիսյանը

armtimes.com-ը գրում է. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է «Անալիտիկ» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով դատական նիստը:

Այսօր բազմաթիվ ծանուցումներից հետո դատարան է ներկայացել եւ ցուցմունք տվել գործով առանցքային տուժող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Վերջինս նախապես մինչ նիստին ներկայանալը գրություն էր ուղարկել դատարանին՝ պահանջելով իր մասնակցությամբ նիստին բացառել լրագրողների ներկայությունը, տեսանկարահանում, լուսանկարահանում եւ ձայնագրառում չիրականացնել: Դատավոր Արշակ Վարդանյանը մասամբ է բավարարել Ուրիխանյանի «պահանջը». նա չի թույլատրել լրագրողներին տեսանկարահանել եւ լուսանկարահանել  Ուրիխանյանի հարցաքննությունը:

Մեր զրույցում ամբաստանյալ Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ Ուրիխանյանը դատարանում ցուցմունք է տվել, որ հանդիպել է Անի Հովհաննիսյանի հետ, զրուցել: Ուրիխանյանը հանդիպման ընթացքում ասել է, որ իր վերաբերյալ վատ հոդվածներ չտպագրվեն, ի պատասխան էլ Անի Հովհաննիսյանը խոսել է համագործակցության մասին, ինչից պատգամավորը ենթադրել է, որ Անին իրենից գումար է պահանջում: Ըստ այդմ՝ իր կասկածները հաստատելու համար նա Անիի հետ հանդիպման է ուղարկել իր օգնական Սարգիս Հարությունյանին, վերջինս էլ հանդիպել է Անիի հետ, ապա եկել Ուրիխանյանի մոտ եւ ասել, որ այո՝ Անին գումար է պահանջում: Դիտարկմանը, որ Սարգիս Հարությունյանը դատարանում հայտնել է, որ Անի Հովհաննիսյանը գումար չի պահանջել, Ուրիխանյանն արձագանքել է, որ Սարգիսն իր հետ այժմ վատ հարաբերությունների մեջ է, այդ իսկ պատաճառով էլ նման կերպ է պատասխանել: Լիպարիտ Սիմոնյանի գնահատմամբ՝ Անի Հովհաննիսյանի կողմից շորթման հանցակազմի վերաբերյալ ցուցմունք Ուրիխանյանը չի տվել:

Ի դեպ, Ուրիխանյանն, ի պատասխան հարցերի՝ հայտնել է, որ չի ցանկանում ոչ մի պատիժ պահանջել: «Լցված եմ ներողամտությամբ, չեմ ուզում, որ պատիժ կրի, մեկ տարի կալանավորելը համարում եմ բավարար»,- ասել է Ուրիխանյանը:

Դատարանում այսօր հարցաքննվել է նաեւ Անի Հովհաննիսյանը: Նրա հարցաքննությունը կշարունակվի հունիսի 29-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին