▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք ովքե՞ր են, որ մեզ չլսեն, մեր կյանքից ավել ի՞նչ պետք է փոխհատուցեն. Արմեն Վահրամյանը վրդովված է

«Մեր գյուղում՝ Արդվիում, չգիտեմ, թե ովքեր ցանկանում են ոսկու հանք բացել: Այս գյուղում Փարաջանովը նկարել է «Նռան գույնը», այստեղ թաղված է  Հովհան Օձնեցի կաթողիկոսը: 3 սրբերից Մեսրոպ Մաշտոցը թաղված է Օշականում, Տաթևացին՝ Տաթևում, իսկ Օձնեցին՝ Արդվինում: Դա մի լեռնային փոքր աշխարհ է իր սարերով ու ծառերով, որը վերջնականապես կապականվի: Դուք պատկերացնու՞մ եք այստեղ ոսկու հանք բացվի, գյուղ, որը ջուր չունի, որը սնվում է հենց լեռներից սկիզբ առնող ջրերով: Լոռվա աշխարհը վերջնականապես կկործանվի, Լոռուց բոլորը երես կթեքեն, ոչ մեկն այլևս չի գա այստեղ».- Asekose.am-ի հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը՝ անդրադառնալով Լոռու մարզի 2 համայնքների՝ Մղարթի և Արդվիի տարածքներում  «Միռամ» ՍՊԸ—ի նախաձեռնությամբ  2017-2020թթ. իրականացվելիք օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներին:

Լոռիում ծնված ու մեծացած նկարչի պնդմամբ՝ Արդվիի գյուղացիները միայն վերջերս են տեղեկացել այդ նախագծի մասին՝ չնայած հենց նրանք են հետագայում տեսնելու և իրենց մաշկի վրա զգալու գյուղում կատարվելիք փոփոխությունները:

«Գյուղացիները ստորագրահավաք են սկսել այդ աշխատանքների դեմ, ես էլ ստորագրել եմ, քանի որ Արդվիի բնակիչ եմ: Իրենք ասում են, որ առաջին փուլն ացել է, որ եկել, հանդիպել են գյուղացիների հետ, բայց այդպիսի բան չի եղել: Ասել են, որ հուլիսի 26-ին 12:30-ին լինելու է 2-րդ հանդիպումը, բայց փաստն այն է, որ սա առաջին հանդիպումն է, քանի որ գյուղացիներից ոչ մեկը տեղյակ չէր մինչ այս: Ես անգամ գյուղապտից եմ փորձել ճշտել՝ արդյո՞ք նա որևէ բանից տեղյակ է, սակայն նա ասում է, որ մի գյուղացի էլ ինքն է, և ինքն էլ դեմ է այդ աշխատանքերին: Նա էլ նշում է, որ եթե ցանկանում են որևէ ներդրում անել, թող զբոսաշրջության զարգացման բնագավառում լինի այդ ներդրումը, միայն թող չապականեն մեր բնությունը, թող գյուղը մնա որպես էկոլոգիապաես մաքուր տարածք»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Արմեն Վահրամյանը վստահ է, որ Արդվիում ապրող մարդիկ պայքարելու են մինչև վերջ, քանի որ նրանք իրենց հողում  մաքուր ապրելու իրավունք ունեն, իսկ նախագծի հեղինակները պարտավոր են հաշվի առնել նրանց կարծիքն ու ցանկությունը:

«Այդ գյուղում են ապրում այդ մարդիկ, նրանց երեխաները, այդ գյուղում են գտնվում նրանց նախնիների գերեզմանները, մեր ամեն ինչն այնտեղ  է, մենք այնտեղ ենք մեծացել, նրանք ովքե՞ր են, որ մեզ չլսեն, նրանք պարզապես այնտեղ ներդրում են անում՝ գումար աշխատելու համար: Վերջիերջո, այդ գյուղի ապրողն է չէ՞ տեսնելու գյուղում տեղի ունենալիք գործողությունները, պայթյունները, որոնք կլինեն նաև եկեղեցու և սրբավայրերի մոտ: Ես այսօր տարիքով մեծ ծնողներ ունեմ գյուղում, իրենց ինչի՞ն են պետք այդ ներդրումները, այդ մարդիկ ապրում են բնական, մաքուր կյանքով: Ես անկեղծ չգիտեմ, թե ով է այս ամենի ղեկավարը, սակայն ով էլ, որ ուզում է լինի, գյուղում բոլորն են դեմ նրա նախաձեռնությանը, եթե նույնիսկ նրանց փոխհատուցեն. մեր կյանքից ավել ի՞նչ պետք է փոխհատուցեն»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը:

Նշենք, որ չնայած իր փոքրությանը (գյուղը 240 բնակիչ ունի)` Արդվինն ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաև ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանները, այստեղ է գտնվում Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով: 

Հիշեցնենք, որ «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Կարդացեք նաև՝ Արմեն Վահրամյանը բացահայտում է, թե ինչպես է լավ նկարը հանցագործին լավ մարդ դարձնում

Դա երբեք էլ ինձ համար PR-ի տարբերակ չի եղել. Արմեն Վահրամյանն անկեղծանում է

Այդ օրն ինձ համար կարևոր էր նույնքան, որքան ծննդյանս օրը. Արմեն Վահրամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին