▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հանձնարարականով ԿԳՆ-ն ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ է մշակել

hetq.am-ը գրում է. Կրթության եւ գիտության նախարարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի հանրակրթական հաստատություններում ռուսերենի դասավանդման հայեցակարգ։

Հայեցակարգի նպատակը ռուսաց լեզվի ուսումնասիրության եւ դասավանդման բարձր որակի ապահովումն է, ինչպես նաեւ ռուսաց լեզվի հանրայնացումը։

Հայեցակարգի հիմնավորումների մեջ տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք, մեղմ ասած, համոզիչ չեն դարձնում, որ հենց ռուսաց լեզուն է այն բացառիկը, որը պետք է Հայաստանում ունենա դասավանդման առանձին հայեցակարգ։

Նախարարությունը նշել է, որ բոլոր օտար լեզուները շատ կարեւոր են` միաժամանակ առանձնացնելով ռուսերենը։ «Հայաստանի կրթական համակարգում անհրաժեշտ է կատարել բարեփոխումներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տիրապետելու մի քանի օտար լեզուների, ինչպիսիք են ռուսերենը, մեկ կամ մի քանի եվրոպական (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ այլն) եւ արեւելյան (արաբերեն, պարսկերեն, չինարեն եւ այլն) լեզուներ:

Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս եւ մասնագիտական հմտություններ ձեւավորելիս»,- նշված է նախագծում:

ԿԳՆ մասնագետները վարչապետի հանձնարարականից հետո հանկարծ պարզել են, որ «արտադրության, գիտության, կրթության եւ մշակույթի վերածնունդն ու զարգացումը, ինչպես նաեւ համաշխարհային հանրության հետ Հայաստանի մասնակցությունը աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների դիմագրավմանն ու գործընթացների իրականացմանը մեր երկրում առաջացնում են հայ երիտասարդության կողմից ռուսաց լեզվի ազատ տիրապետումն ապահովելու խնդիր եւ անհրաժեշտություն»:

Կարճ ասած՝ եթե ուզում ես ինտեգրվել աշխարհին` մշակութային, արտադրական, գիտական ու կրթական առումներով, ապա ստեղծիր ռուսաց լեզվի ուսուցման հայեցակարգ։

Նշենք, որ ռուսաց լեզուն տարածվում է բացառապես նախկին ԽՍՀՄ երկրների տարածքներում եւ այդ լեզվով խոսողների թվով աշխարհում ութերորդ տեղն է զբաղեցնում։ Ընդ որում, նախկին ԽՍՀՄ-ի որոշ երկրներում այլեւս անհնար է դառնում ռուսերենով շփվելը, այդ թվում՝ Վրաստանում ու Մերձբալթյան երկրներում, որտեղ Ռուսաստանն այլեւս իշխող կամ գործընկեր երկիր չէ։

Իսկ Հայաստանում մտնում ես առողջապահական հիմնարկներ, աշխատակիցները ռուսերեն են խոսում, երաժշտանոցներում նույն պատկերն է, թատրոններում՝ գրեթե նույնը։ Ի՞նչ խնդիր ունի ռուսաց լեզուն Հայաստանում, որ կառավարությունն առանձին հայեցակարգ է մշակում։

ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների պահանջ է։

«Մենք պարտավոր ենք, որ մեր երիտասարդները մի քանի օտար լեզուների տիրապետեն»,- նշեց պաշտոնյան։

- Բայց ռուսերենն առանձնացվել է մյուս լեզուներից։ Ինչու՞։ Թվում է՝ Հայաստանում ռուսերենի իմացության մեծ խնդիր չունենք։

- Ունենք, ունենք։ Ունենք ե'ւ գիտական առումով, ե'ւ ազատ խոսքի տիրապետման։ Մենք համարում ենք, որ ռուսերենի իմացությունը քաղաքացիների համար մրցակցային առավելություն է։ Բարձրագույն կրթություն ստանալիս ուսանողները բավականին խնդիր են ունենում ռուսաց լեզվի հետ կապված։ Հետեւաբար խնդիր առաջացավ, որպեսզի առանձին հայեցակարգով ռուսաց լեզվի դասավանդումը կազմակերպվի։

Ռուսերենն առանձնացրել ենք՝ նաեւ հաշվի առնելով մեր մեծ գաղթօջախը այդ երկրում։

- Բայց հիմա ամենամեծ պահանջարկն ունի անգլերենը։ Թեկուզ Հայաստանում։ Ռուսախոս շուկան էլ այնքան մեծ չէ աշխարհում, որքան անգլերենը, չինարենը, թեկուզ արաբերենը։

ԿԳՆ-ի այս նախաձեռնությունը քաղաքակա՞ն է` հաշվի առնելով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։

- Մեզ համար բոլոր օտար լեզուներն էլ կարեւոր են։ Ճիշտ եք նշում. ԵԱՏՄ անդամ լինելու առումով՝ սա հեռանկարային է։ Իսկ ինչ մնում է այն պնդմանը, թե անգլերենը ավելի մեծ պահանջարկ ունի, չգիտեմ՝ այդ վերլուծությունը որտեղից եք վերցրել։

Մեր ներքին շուկայում ռուսերենին տիրապետող մասնագետների շատ մեծ պահանջարկ կա։

Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին