▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշ երեկոյան հանդիպել եմ Արմեն Սարգսյանի հետ. վարչապետ

«Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը  տեղեկացրել է, որ համաձայն է լինել ՀՀ 4-րդ նախագահի համար ՀՀԿ-ի թեկնածուն: 

 

Ավելացնենք, որ երեկ կայացել է Արմեն Սարգսյանի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: 

Ըստ Մայր Աթոռի տարածած հաղորդագրության, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուն Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց կուսակցությունների, գիտական ու կրթական հաստատությունների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի Հանրապետության ղեկավարության հետ ունեցած հանդիպումների, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքներ կատարած իր այցելությունների արդյունքում՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու՝ ՀՀԿ-ի առաջարկի առնչությամբ կայացրած դրական որոշման մասին և հայցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը։

Ողջունելով պրն․ Արմեն Սարգսյանի կայացրած կարևոր որոշումը՝ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ այն պիտի գոհունակությամբ ընդունվի թե´ հայրենի երկրում և թե´ Սփյուռքում: Վեհափառ Հայրապետը տեղեկացրեց, որ անցնող օրերին զանգվածային լրատվամիջոցներով հետևել է այդ հանդիպումներին։ Հայոց Հովվապետն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի անձը քաջածանոթ է հայորդիներին թե որպես պետական գործիչ, ով տարբեր հանգամանքներում երկար տարիներ իր ծառայությունն է բերել հայրենիքին, և թե իբրև բարեգործ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, ում նախաձեռնած մի շարք հայրենանվեր և եկեղեցաշեն իրագործումները կարևոր ներդրում են մեր ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում։

  Զրույցի ընթացքում Գարեգին Բ Հայրապետը և տիար Արմեն Սարգսյանն անդրադարձան հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված քայլերին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին