▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզանից հեռացավ տաղանդավոր գիտնականը և քաջարի ծովագնացը

Արմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջեւանից եւ Ղարաբաղից են։ Հայրը՝ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր։ Մայրը՝ Զինաիդա Կաբրիելյանը (Նազարյան) հայտնի գրադարանավարուհի էր։ Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երեւանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական։

Առաջ անցնելով նշեմ, որ նավարկելով «Կիլիկիա» առագաստանավով, ես արդեն այն ժամանակ հուշատետրում գրել էի Արմենի մասին. «1963 թվականից Արմենը աշխատել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում որպես գիտաշխատող։ 1969 թվականից՝ որպես ավագ գիտաշխատող ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում։ Պաշտպանել է դիսերտացիա, ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1981 թվականից որպես բաժնի պետ է աշխատել «Աերոզոլ» կոնստրուկտորային տեխնիկական հատուկ բյուրոյում։ Շուտով նշանակվել է լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն։ Պատրաստվում էր պաշտպանել դոկտորական դիսերտացիա»։

Հիշեցնեմ, որ պատանեկան տարիներից տարված էր սպորտով։ Եվ, ինչպես հաճախ էր հպարտությամբ ասում, միշտ զբաղվել է մեծ թենիսով։ Հայաստանում հիմնել է վինդ-սերֆինգը՝ որպես ազգային մարզաձեւ։ Եվ սրտի ցավով նշեմ, որ մինչեւ իր կյանքի վերջին օրը համարյա կլոր տարին աշխատում էր որպես մարզիչ։ Հաճախ էր կրկնում. «Ապագան երիտասարդությունն է»։ Եվ հաճախ էլ խոստովանում էր, որ իր բոլոր գիտական նախագծերը միանգամից մի կողմ է դրել։

2004 թվականի ամռանից սկսած Արմենը իր որդու՝ Արեգ Նազարյանի հետ ընդգրկվեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմում։ Ինքս էլ երջանկություն ունեցա լինել այդ անձնակազմի անդամ։ Եվրոպայի շուրջ «Կիլիկիայի» նավարկությունն ընթացավ երեք փուլով, երեք տարվա ընթացքում։

Արմենը, ինչպես ոչ այլ ոք, գիտակցում էր մեր ճամփորդության ողջ լրջությունը, այն համարելով հիրավի ազգային նվաճում։ Դրա համար էլ գիտակցաբար հեռացավ գիտությունից, որին մինչ այդ նվիրել էր իր կյանքը։ Եվ պատահական չէ, որ դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության կազմակերպման ամենաակտիվ գործիչներից մեկը։

Զորի Բալայան

Արմեն Նազարյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր, ժամը 14։00-ին, Դավիթ Բեկի 103 հասցեում գտնվող «Բաքոս» սգո սրահից։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի Մարտի 14-ի համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին