▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵՊՀ ուսանողության ճնշող մեծամասնությունը գտնվում է հնազանդի և քծնողի վիճակում»․ Արմեն Գալջյան

Օրեր առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Գալջյանը, ով նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն է, մամուլում հայտարարություն էր տարածել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով ԵՊՀ-ում դասախոս է, սպառնացել է մարմնական վնասվածքներ հասցնել իրեն, քանի որ չսափրված է ներկայացել դասին։

 

Ուսանողի և դասախոսի միջև տեղի ունեցած դեպքի մանրամասններն պարզելու համար Asekose.am-ը զրուցել է Արմեն Գալջյանի հետ, ով պատմել է ԵՊՀ-ում տիրող իրավիճակի, ուսանողության քաղաքացիական դիրքորոշման և այլ թեմաների մասին։

 

— Սոցիալիական ցանցերում արդեն մի քանի օր ակտիվորեն քննարկվում է քո և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Գևորգ Պետրոսյանի միջև տեղի ունեցած անախորժ միջադեպը․ սպասու՞մ էիր նման հասարակական արձագանքի։

Այո՛, սպասում էի նման հասարակական արձագանքի, այդ իսկ պատճառով էլ հանրայնացրել եմ միջադեպը։ Կարծում եմ այն նպաստեց, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն։

 

— Դու հանդիսանում ես ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ի՞նչ ես կարծում, Գևորգ Պետրոսյանի նման սուբյեկտիվ վերաբերմունքն ունի՞ ինչ-որ քաղաքական կամ գաղափարական դրդապատճառ։

Չեմ կարծում, որ Գևորգ Պետրոսյանի վերաբերմունքն ունի քաղաքական դրդապատճառ քանի, որ ենթադրում եմ, որ նա տեղյակ չի եղել, որ ես ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավարի  օգնականն եմ։

— ԵՊՀ-ում սովորելու ընթացքում քո քաղաքական հայացքների պատճառով երբևէ հանդիպե՞լ ես խոչընդոտների և կխնդրեմ կիսվես նաև կարծիքովդ՝ կապված ԵՊՀ ուսանողների շրջանակներում քաղաքացիական ինքնորոշման մթնոլորտի վերաբերյալ։

ԵՊՀ-ում իմ սովորելու ընթացքում անձամբ ես չեմ զգացել, որ իմ նկատմամբ իմ քաղաքական հայացքների համար որևէ խոչընդոտի հանդիպեմ։ Կարծում եմ դա նրանից է, որ ես մինչ այս բացահայտ կերպով ի ցույց չեմ դրել իմ քաղաքական հայացքները ԵՊՀ-ում, և դրա համար  դեռևս առիթ չի եղել հասկանալու համար՝ կլինե՞ն խոչընդոտներ, թե՞ ոչ։ Չնայած առիթի դեպքում ավելի մեծ եմ համարում հավանականությունը, որ կլինի խոչընդոտ, քան չի լինի։ Ամեն դեպքում, նույնիսկ չլինելով քրեական իրավունքի շրջանակներում,  լինելով ապագա իրավաբան՝ չեմ ուզում խախտեմ անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում ուսանողների քաղաքացիական ինքնորոշման մթնոլորտին, ապա ցավով պետք է նշեմ, որ նրանց ճնշող մեծամասնությունը գտնվում է հնազանդի և քծնողի վիճակում։ Նրանց քաղաքացիական գիտակցությունը շատ ցածր մակարդակի վրա է  գտնվում․ նրանք չեն գիտակցում, որ  համալսարանում ամենաբարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտն են, չեն գիտակցում, որ համալսարանում սկսած աղբամանից մինչև շենքի վերջին քարի կտորը իրենց համար է ստեղծված, չեն գիտակցում, որ առանց իրենց համալսարանը գույություն ունենալ չի կարող, չեն արժևորում իրենց վճարած հսկայական գումարները։ Չգիտակցվածների այս շարքը ես կարող եմ ժամերով շարունակել։ Եվ ես կարծում եմ, որ պահել եմ ինձ բարձր քաղաքացիական հարթության վրա, և այստեղ խնդիրը ոչ թե սափրվել կամ չսափրվելն էր, այլ սա իր մեջ կրում է ավելի խորը համակարգային և մտածողության խնդիր։ Ամոթ է, որ 21-րդ դարում մեր երկրում այսպիսի թեմա կարող է գոյություն ունենալ։ Սա քաղաքացիական  հասարակության ամոթն է, որը չի զարգացել այնքան, որ թույլ է տալիս նման բաներ տեղի ունենան, սա կրթական համակարգի ամոթն է, սա ԵՊՀ-ի ամոթն է։ Ամոթների  այս շարքը նույնպես կարող եմ շարունակել ժամերով։ Հույս ունեմ, որ մի փոքր նպաստեցի նրան, որ ուսանողները սկսեն գիտակցել և արժևորել իրենց դերը ոչ միայն համալսարանում այլ նաև դրանից դուրս։

— Եվ վերջում խնդրում եմ պատմես Գևորգ Պետրոսյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ հետագա քայլերիդ մասին։

Հետագա քայլերի մասով նշեմ, որ գրությամբ դիմել եմ ԵՊՀ ռեկտորին, ներկայացրել միջադեպը և խնդրել օրենքով սահմանված կարգով և ԵՊՀ կանոնադրության համաձայն վերականգնել իմ խախտված իրավունքները։ Սպասում եմ պատասխանին։

 

Պատրաստեց Հովհաննես Եսայանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին