▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր նշանակվող կրթության նախարարը կոռուպցիայի դեմ իրապես կպայքարի՞

Ապրիլի 12-ին ԿԳՆ-ում տեղի ունեցավ    «Դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները հակակոռուպցիոն տեսանկյունից» փաստաթղթի նախագծի հանրային քննարկում։ Անշուշտ ողջունելի է հասարակությանը հուզող նման հարցերի քննարկումը ԿԳՆ-ում, սակայն քանի դեռ մեր երկրում կրթությանը չի հաջողվում կրթել ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ով իր ձայնն ու ընտրությունը չի կարևորում, չի հավատում ինքն իրեն ու պատասխանատվություն չի ստանձնում իր ընտրության համար, ո՛չ ԱԺ-ն, ո՛չ ավագանու ինստիտուտը, ո՛չ կառավարման խորհուրդներն ավելի լավ չեն աշխատելու: Ինչպես նաև, քանի դեռ տնօրենին «ընտրում» է մի մարմին, իսկ նրան նշանակում ու նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքում մարզպետը կամ քաղաքապետը, ապա ինչպես դպրոցի կառավարման խորհուրդը, այնպես էլ պետական լիազորված մարմինները, ոչ մի մակարդակում պատասխանատվություն չեն կրելու ու իրար վրա են գցելու ոլորտի բոլոր տապալումները։ Վերոնշյալ քննարկվող փաստաթղթում որպես խնդիր ներկայացված է նաև այս փաստը։ Այն կհաղթահարվի միայն մի՛ դեպքում, եթե վերադառնանք 2009 թ. ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ամրագրված տնօրենի նշանակման տարբերակին ու այն ավելի լավացնենք՝ սահմանելով կառավարման խորհրդի պատասխանատվության մեխանիզմը, իսկ դրա  համար իշխանության կողմից պահանջվում է հստակ քաղաքական կամք։ Տնօրենին պետք է ընտրի կառավարման խորհուրդը, նրա հետ կնքի աշխատանքային պայմանագիրն ու օրենքով պատասխանատու լինի այդ ընտրության համար։ Կառավարման խորհրդում էլ վերջ տրվեն պետական մարմինների պաշտոնյաների նշանակումները խորհրդի նախագահի պաշտոնում, ովքեր նույնիսկ չխորանալով խորհրդին ներկայացված հարցերի քննարկման մեջ, նպաստում են տնօրենների բոլոր անօրինական որոշումների կայացմանն ու ո՛չ մեկը, ո՛չ մյուսը ոչ մի պատասխանատվություն չեն կրում դրա համար։ Յուրաքանչյուր դպրոցական համայնք թող ինքը խորհրդի նախագահի պաշտոնում ընտրի այն մարդուն, ով մտահոգ ՔԱՂԱՔԱՑԻ Է և դպրոցի ու իրենց երեխաների կրթության շահերը ՊԱՏՐԱՍՏ Է պաշտպանել տնօրենի կամայական որոշումներից ու ստիպել տնօրենին հաշվի նստել խորհրդի հետ։ Նման ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ մի՛շտ կգտնվեն ցանկացած համայնքում։ Դպրոցի կառավարումն էլ պետք է վստահել այն տնօրենին, ով իր մեջ կրում է ժողովրդավարության գաղափարախոսությունն ու ապահովում է օրենքի պահանջով կրթության շահառուների՝ սովորողի, ծնողի, մանկավարժների մասնակցությունը դպրոցի կառավարմանը։

Ասելիքս ուզում եմ ցույց տալ կոնկրետ մի օրինակի վրա, թե  ինչպես  Է երբեմն դպրոցի տնօրենը հաստիքացուցակի, տարիֆիկացիայի մեջ կամայականությունների  դիմում, որը հավանության է արժանանում կառավարման խորհրդի կողմից։ Օրինակ, ԿԳՆ ենթակայության թ.103 ավագ դպրոցի նախկին տնօրենն իր նշանակվելուց մի քանի ամիս հետո աշխատանքից ազատում է ուսումնական մասի գծով փոխտնօրենին, ով դիմում է դատարան ու վերականգնման որոշում  է ստանում։ Տնօրենը նրան չվերականգնելու համար  նոր հաստիքացուցակ է ներկայացնում իր կառավարման խորհրդին, որտեղ ֆինանսական միջոցների սղության հիմնավորմամբ արդեն ուսումնական գծով փոխտնօրենի հաստիքը չի եղել: ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը, որի նախագահն է ԿԳՆ լիցենզավորման բաժնի պետ Մովսես Մովսիսյանը, կրթության մարդ, առանց հետաքրքրվելու, թե ինչպես է տնօրենը  պատկերացնում դպրոցի գործունեությունն առանց ուսումնական գծով փոխտնօրենի, սուս ու փուս հավանություն է տվել դրան։ Ուսումնական գծով փոխտնօրենի պարտականությունները դրվել են ՄԿԱ գծով փոխտնօրենի վրա, այսինքն ամեն ինչ արվել է, որպեսզի հաստիքացուցակում չլինի ուսումնական գծով փոխտնօրեն հաստիքը։

Տնօրենը դատարանում հիմնավորել է իր կրճատման նպատակը՝ նշելով, որ խնայել է 4.451.000 դրամ, սակայն որից ի օգուտ քաղաքացու ԴԱՀԿ-ն բռնագանձել է 2.279.000դրամ, իսկ  իր ծառայությունների դիմաց՝ մոտ 100․000դրամ: Այստեղ շատ կարևոր խնդիր է բարձրանում: Ավագ դպրոցը ԿԳՆ ենթակայության տակ է, ինձ շատ հետաքրքիր է, թե նախարարությունը խրախուսե՞լ է հաստիքների կրճատման պատճառով այդ խնայողությունն ու ինչպե՞ս է արձագանքել այն փաստին, որ տնօրենի սխալ հրամանների պատճառով դպրոցի բյուջեից պակասել է առնվազն 100․000 դրամ։ Հանուն ինչի՞ և ո՞ւմ հաշվին է եղել այդ խնայողությունը: Միանշանակ՝ կրթության կազմակերպման որակի հաշվին: Ոչ մի պատասխանատվության չի ենթարկվել ոչ տնօրենը, ոչ կառավարման խորհրդի նախագահ ԿԳՆ լիցենզավորման բաժնի պետը, միայն պարզվում է, որ անհայտ պատճառով թ․ 103 ավագ դպրոցի տնօրենին 2017թ.-ին ազատել են աշխատանքից ու նշանակել  Երևանի ենթակայության թ.84 հիմնական դպրոցի տնօրեն: Չմոռանամ ասել, որ նա քաղաքապետի խորհրդականներից մեկի բարեկամն է։ 

Այս օրերին ԿԳՆ-ում  դպրոցների կառավարման խորհուրդների  գործունեությունն արդյունավետ դարձնելու քննարկումները կլինեն օգտակար, իսկ վերջնական փաստաթուղթը՝ աշխատող, եթե գտնվի կառավարման այն մոդելը, որտեղ բացառվեն նման կոռուպցիոն երևույթները, որոնք քաղցկեղի մետաստազների նման տարածվել ու վիրահության կարիք ունեն։ Տեսնենք կհաջողվի՞:

Անահիտ Բախշյան

Կարդացեք նաև՝ Զարմացած ասում են՝ իյա՞, ինչու դու պատգամավոր չե՞ս...Անահիտ Բախշյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին