▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևան, դու հրաշալի ես...Լապշինը Հայաստանում է

 

Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում ազատազրկման էր դատապարտվել, առաջին անգամ այցելել է Հայաստան ազատ արձակվելուց և հայրենիք վերադառնալուց հետո: «Երևան, դու հրաշալի ես: Իսկ երևանցիները հրաշալի մարդիկ են»,- իր բլոգում գրել է Լապշինը:

Ավելի վաղ Լապշինը հայտնել էր Երևան ժամանելու և ապրիլի 20-22-ն անցկացվող Tour Expo 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցելու մտադրության մասին: Նա կատակել էր, որ Հայաստանում ներկայացնելու է Ադրբեջանում ունեցած իր «փորձառությունը»:

Հիշեցնենք, որ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին