▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատավորները լռել են իրենց կոլեգայի կողմից ակնհայտ կեղծ վճիռ կայացնելու մասին. դիմում` Վճռաբեկ դատարանի նախագահին

Asekose.am-ը առանց խմբագրման ներկայացնում է քաղաքացի Կարեն Խաչատրյանի դիմում-բողոքը` ուղղված` Վճռաբեկ դատարանի նախագահի ժ/պ Երվանդ Խունդկարյանին:

«Հ.Հ  Վճռաբեկ դատարանի նախագահի ժ/պ

Պարոն՝ Երվանդ Խունդկարյանին

 թիվ ԵԱՆԴ /5228/02/15 քաղաքացիական գործով

հայցվոր՝  Կարեն Խաչատրյանից

Բ ո ղ ո ք

Հայաստանում տիրող ներկայիս վիճակը, որ արդարադատության ոլորտը՝և հատկապես դատարանները գտնվում է բարեփոխումների մեջ, ինձ հույս և հավատ  ներշնչեց  նամակով դիմելու ձեզ և ակընկալելու, որ արդարադատության ոլորտում հենց առաջին հերթին պետք է   գերակայի արդարությունը և հաղթի ազնվությունը:

Հարգելի պարոն  Խունդկարյան   Ձեր վարույթում է գտնվում

թիվ ԵԱՆԴ/5228/02/15 քաղաքացիական գործը,    որն էլ  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ՝ Աիդա Դավթյանի  կողմից կայացված վճիռը ստանալուց հետո մինչ օրս ես և ընտանիքս չենք կարողանում համակերպվել այն ակնհայտ անարդարության հետ, որին արժանացանք ի շնորհիվ  դատավորի:  

Նշված վճռում դատավոր Աիդա Դավթյանը  Գագիկ Խաչատրյանի ժառանգներ՝ Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցը բավարարելու նպատակով հիշատակել է գոյություն չունեցող փաստեր: Տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև երբևէ չեն հնչեցվել որևէ մեկի կողմից և չեն բխում դատարանում հետազոտված ապացույցներից: Չունենալով  ցանկալի ապացույցներ  դատավոր Աիդա Դավթյանը ստիպված է եղել եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող , մտացածին փաստերի վրա ; Դատաքննության ընթացքում Գոհար Խաչատրյանի ներկայացուցչի կողմից դատարանին ներկայացվեց մի նկար, որում պատկերված ենք ես, եղբայրս՝ Գագիկ Խաչատրյանը և եղբորս որդին՝ Վահան Խաչատրյանը: Նշեմ, որ այդ լուսանկարը կատարվել է Հադրութում, ուր գնացել էինք  ես ու եղբայրս,  որդու՝ Վահան Խաչատրյանի երդման արարողությանը մասնակցելու:

Անդրադառնալով նշված նկարին՝ վճռի պատճառաբանական մասում դատարանը նշել է. «Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանների պնդմամբ՝ Վահան Խաչատրյանին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու արարողությունը կատարվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում գտնվող կողմերի հայրական տանը, որի վերաբերյալ ներկայացվել է լուսանկար, որում պատկերված են Վահան Խաչատրյանը, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախ նշեմ, որ Գոհար, Ռուզաննա, Վահան և Տաթևիկ Խաչատրյանները երբևէ դատական նիստերին չեն մասնակցել և որևէ հայտարարություններ, դիրքորոշումներ չեն հայտնել, պնդումներ չեն արել: Վերջիններիս ներկայացուցչի բանավոր և գրավոր առարկություններում ևս երբևէ նման փաստ չի մատնանշվել:

Ավելին, 04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պատասխանողների ներկայացուցիչը դատարանի հարցին պատասխանեց, որ գործում առկա Վահան, Գագիկ և Կարեն Խաչատրյանների համատեղ լուսանկարը կատարվել է Հադրութում:

Փաստացի վերջինիս պատասխանը Դատարանին չբավարարեց, քանի որ նման պատասխանի պայմաններում նշված լուսանկարը սույն գործին վերաբերելի չէր: Ավելին, նշված լուսանկարից որևէ կերպ հնարավոր չէր հանգել հետևության, որ այն կատարվել է 25.06.2012թ. Սևաքար համայնքում գտնվող մեր հայրական տանը, որտեղ անց է կացվել Վահան Խաչատրյանի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու արարողությունը:

Ակնհայտ է, որ պատասխանողի ներկայացուցչի նման պատասխանի պայմաններում դատարանը մնում էր ձեռնունայն: Դա այն դեպքում, երբ դատարանը վճիռ կայացնելուց հետ էր վերադարձել՝ Գագիկ Խաչատրյանի կողմից հոր ժառանգությունն ընդունելու փաստը հիմնավորող գեթ մեկ ապացույց հայթահայթելու մտադրությամբ (տես՝ 14.02.2017թ. դատական նիստի ձայնագրման կրիչը): 

Չստանալով ցանկալի ապացույցը, դատավոր Աիդա Դավթյանը ստիպված եղավ իր եզրահանգումները կառուցել գոյություն չունեցող, մտացածին փաստերի վրա: Հատկանշական է, որ անգամ վճռում՝ «գործի համար էական նշանակություն ունեցող փաստերը» բաժնում մատնանշված չէ գեթ մեկ ապացույց, որից հնարավոր կլիներ հանգել հետևության, որ լուսանկարը կատարվել է Սևաքարում:

Նման ապացույց գոյություն չունի այն պարզ պատճառով, որ լուսնկարը կատարվել է Հադրութում, իսկ եղբայրս հորս մահից հետո Սևաքար համայնքի իմ հայրական տանը չի եղել:

Այսինքն, հորս մահից հետո վեցմասյա ժամկետում եղբորս՝ Սևաքար համայնքի հայրական տանը գտնվելու, իսկ դրանով էլ փաստացի տիրապետման հիմքով ժառանգություն ընդունելու փաստը հաստատված համարելու համար առաջին ատյանի դատարանը ստեղծել է կեղծ փաստեր:

Իրականությանը չի համապատասխանում նաև վճռում շարադրված այն միտքը, թե իբր ես 31.10.2017 թվականին կայացած դատական նիստի ընթացքում հայտարարել եմ, որ 2012 թվականի հունիսի 16-ին մեկ ամսով գնացել եմ Սևաքար համայնքում գտնվող հայրական տուն, իսկ այդ ընթացքում եղբայրս եկել էր տղային բանակ ճանապարհելու:

Ես նման հայտարարություն չեմ արել:

31.10.2017 թվականին ես ցուցմունք եմ տվել, որ 2012թ. հունիսի 16-ին մեկ ամսով քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի հետ գտնվել է Սյունիքի մարզի Սևաքար համայնքում, որի պատճառով չեմ կարողացել մասնակցել եղբորս որդու՝ Վահան Խաչատրյանի զինվորական ծառայության զորակոչվելու արարողությանը (տես՝ 31.10.2017թ. դատական նիստի արձանագրությունը):

Կարծում եմ՝ պատահական չէ, որ դատարանը վճռով չի շարադրել իմ և քույրերիս՝ Կարինե Դանիելյանի և Կամելա Գասպարյանի ցուցմունքները:  Հակառակ դեպքում որևէ կերպ չէր կարողանա հանգել հետևության, որ եղբորս որդու բանակ ճանապարհելու արարողությունը տեղի է ունեցել Սևաքար գյուղում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելին, եթե դատարանը հիշատակեր դատաքննությունը վերսկսելուց հետո՝  04.12.2017թ. տեղի ունեցած դատական նիստի մասին, ապա չէր անտեսի իմ, Գագիկ և Վահան Խաչատրյանների համատեղ լուսանկարի վերաբերյալ Գոհար Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Մանուկյանին ուղղված իր հարցը, թե. «հիմա Դուք ասում եք՝ սա Սևաքարո՞ւմ է նկարված…» և Մ. Մանուկյանի պատասխանը. «չէ, Հադրութում, բանակում»: Միաժամանակ չէր անտեսի նաև նույն օրը իմ  կողմից կատարված հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանի որդուն բանակ տանելու արարողությանը ես չեմ մասնակցել, քանի որ գտնվել եմ գյուղում: Իսկ եղբայրս այդ ժաանակ Ռուսաստանից ժամանել էր Երևան, որպեսզի մասնակցի որդուն բանակ ճանապարհելու արարողությանը:

Անընդունելի է նաև Վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ն. Բարսեղյան, Ս. Թորոսյան, Տ. Նազարյան) կողմից կայացված որոշումը: Մերժելով բողոքս, վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանի կողմից վճռում կեղծ փաստեր նշելու հանգամանքին առհասարակ չի անդրադարձել՝ ոչ հերքել է բողոքում վերը շարադրված պնդումները, և ոչ հաստատել դրանք:  Մինչդեռ, եթե գործում առկա մյուս փաստերը (թեպետ այդպիսիք առկա չեն) բավարար էին Գոհար, Ռուզաննա, Վահան, Տաթևիկ Խաչատրյանների հայցի բավարարման համար, ապա առաջին ատյանի դատարանի դատավոր Աիդա Դավթյանը ինչու էր դիմում կեղծիքի:   

Եթե հնարավոր էր առանց վճռում սուտ տեղեկություններ մտցնելու բավարարել հակընդդեմ հայցը, ինչու էր դատավորը վճիռը պատճառաբանում սուտ, գոյություն չունեցող փաստերով:

Համոզված եմ,  որ վերաքննիչ դատարանի կողմից վերը շարադրված փաստարկներին չանդրադառնալը ևս վկայում է այն մասին, որ վերաքննիչ դատարանի դատավորները նախընտրել են լռել իրենց կոլլեգայի կողմից ակնհայտ կեղծ  վճիռ կայացնելու մասին՝ վերջինիս շահը վեր դասելով  արդարադատության շահից:

ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից հաստատված «Դատավորի վարքագծի կանոնների» համաձայն. «Դատավորը պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը և խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնել հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս հասցնել դատավորի համբավին, կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունը և անկախությունն արդարադատություն իրականացնելիս»:

Կարծում եմ, որ դատավորի կողմից վճռում սուտ տեղեկություններ նշելը արատավորում է ոչ միայն վերջինիս պատիվն ու արժանապատվությունը, այլև դատական իշխանության հեղինակությունը՝ նվազեցնելով հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ, վնաս պատճառելով ոչ միայն կոնկրետ դատավորի, այլև ողջ դատական իշխանության համբավին:

 

Հայցվոր Կարեն Խաչատրյան

10. հուլիս 2018 թ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին