▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. հրապարակվել է դատարանի վճիռը

 

ՇՄ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դռնբաց դատական նիստում քննել է աշխատանքից ազատված ՇՊՀ դասախոս Անահիտ Ֆարմանյանի քաղաքացիական գործն ընդդեմ «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի թիվ 96 հրամանի, որով Ֆարմանյանը պահանջել էր այն անվավեր ճանաչել, իրեն նախկին աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել միջին աշխատավարձը:

Կայացած դատական նիստում վճռվեց Անահիտ Ֆարմանյանի հայցապահանջը՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 04.05.2018թ.-ի թիվ 96 հրամանը անվավեր ճանաչելու եւ նախկին աշխատանքում վերականգնելու մասով, մերժել:

 

 

Դատարանը նաեւ վճռեց Անահիտ Ֆարմանյանի հայցապահանջը՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պահանջի մասով, բավարարել: Ըստ այդմ, «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամին պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Անահիտ Ֆարմանյանին վճարել հատուցում` նրա միջին ամսական աշխատավարձի՝ 687.684 / վեց հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր ութսունչորս/ ՀՀ դրամի չափով, սկսած 04.05.2018 թվականից մինչեւ Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265 հոդվածով սահմանված աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` սկսած 04.05.2018թ.-ից մինչեւ վճիռն օրինական ուժի մեջ մտնելը՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով:

Շիրակի «Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից հօգուտ Անահիտ Ֆարմանյանի բռնագանձել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

«Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամից ՀՀ պետական բյուջե բռնագանձել պետական տուրք՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Անահիտ Ֆարմանյանին վճարման ենթակա գումարի եւ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցման գումարի երկու տոկոսի չափով գումար՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի գումար:

Հիշեցնենք, որ չսպասելով աշխատանքից ազատված Ֆարմանյանի քաղհայցի քննությանն ու դատարանի վճռին, ՇՊՀ-ում նրան բավարար չափով դասաժամեր էին հատկացվել: Այս մասին օգոստոսի 31-ին ՀԺ-ի հետ զրույցում ասել էր համալսարանի տնօրենի ժպ Երվանդ Սերոբյանը: Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (յուրացնելը, կամ վատնելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ եւ խոշոր չափերով) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելն առանձնապես խոշոր չափերով): Քրեական գործի հարուցման պահին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 11-ին, սակայն, ՇՄ դատախազությունը փոխել էր ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Նոր խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը։ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի համար երաշխավորներ են հանդիսացել Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին