▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-թուրքական սահմանին, սահմանապահների «քթի տակից» գյուղացու տրակտորն ու հակի սարքը գողացել են

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն ահազանգում է հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած ակնհայտ գողության դեպքի մասին:

 

 

 

 

 

Համաձայն ֆեյսբուքյան գրառման, Ամասիայի Գտաշեն գյուղի բնակիչ,տրակտորիստ Գոռ Կարապետյանը գյուղի տրակտորով (МТЗ-82) ու իր հակավորման սարքով (Կիրգիզիա) ինչպես ամեն տարի, պատշաճ թույլտվությամբ եւ անցաթղթով անցակետում հատել է հայ-թուրքական սահմանի ցանկապատը, սահմանապահ ուղեկալում գրանցվել է, եւ սկսել է խոտհարքում խոտի հունձը, տեխնիկան մի քանի շաբաթ մնացել է ուղեկալի մոտ, ինքը գնացել եկել է գյուղ, ամեն անգամ տեխնիկան հանդից չի բերել-տարել գյուղ: Ամբողջ սեպտեմբերը հունձ է արել: Սեպտեմբերի 30-ին թողել է տրակտորն ու հակավորման սարքը ուղեկալից 1500 մ հեռավորության վրա, մյուս օրը գնացել է, տեսել է՝ չկա:

 

 

«Սահմանապահներին, տեղեկացրել է, թե գողացել են տրակտորս ձեր քթի տակից, հետները ելել է որոնելու, անվահետքերը տարել են Թուրքիայի կողմը:

Մարդը բողոքել է՝ ուր կարողացել է: Նոյեմբերի 5-ին հազիվ լուր է ստացել, որ քրեական գործ են հարուցել` ՀՀ ՔՕ 177 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափի գողություն. 7,3 մլն դրամ տրակտորը, 2,5 մլն դրամ հակավորման սարքը:

 

 

 

 

Խնդրեցի մոտավերապես գծել աշխարհագրությունը: Կապույտ կետագիծը գողացված տրակտորը եւ հակավորման սարքը տանելու ճանապարհն է, որը հետքերով է երեւացել: Տրակտորը տարել են մոտ 300 մ՝ հակավորման սարքի մոտ, այն կցել են տրակտորին, ապա տարել են Թուրքիա: Մարդը պատմեց, որ ուղեկալում պարտադիր գրանցում են եւ տեխնիկայի մուտքը պահպանվող հայկական տարածք եւ ելքը: Հիմա մուտքը գրանցված է, ելքը՝ ոչ, այսինքն տեխնիկան ոչ ինքը, ոչ որեւէ մեկը սահմանապահների հսկողության տարածքից դուրս չի հանել դեպի Հայաստան: Տրակտորից մոտ 400 մետր հեռավորությամբ հայկական կողմում (գծագրում՝ աջ վերին անկյունում) լուսարձակ կա, իսկ դրա դեմ դիմաց՝ թուրքական կողմում՝ տեսանկարահանող սարք: Սակայն ըստ Գոռ Կարապետյանի՝ սահմանապահները, երբ փորձել են թուրքական կողմից տեսագրությունը խնդրել, այն կողմից պատասխանել են, թե սարքը չի աշխատում, տեսագրություն չունեն:Այսպիսով.

Հերթական գողության լուրն է սա, նախկինում ոչխարի հոտ տանելու մասին մի քանի լուր է եղել, մինչեւ վերջ այդպես էլ չիմացանք՝ ինչ եղավ, ինչ պարզեցին:

Հավանաբար սահմանապահների հրամանատարությունը վերջիվերջո 10 մլն փող է հանելու տա՝ փոխհատուցի վնասը: Բայց հասկանում եք, որ սա սահման պահել չէ՝ մեղմ ասած: Սա այլանդակություն է՝ գողություն սահմանապահների քթի տակից: Ասում եմ, կարող է՞ էգուց քնած լինենք, գան մեզ գողանան: Այ հողերս ձեր պահած սահմանի վրագլխուն:

 

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԱԱԾ-ն պարտավոր են հրապարակային բացատրություններ տալ տեղի ունեցածի մասին եւ մատնանշել այն միջոցառումները, որոնցով կարգի կբերվի սահմանը եւ կբացառվեն նման հանցագործությունները»,-գրել է Լեւոն Բարսեղյանը՝ միաժամանակ հրապարակելով տրակտորիստի կոնտակտները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին