Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նստաշրջանը, սակայն քվորում չապահովվեց և այսօր էլ նիստը չկայացավ: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։
Այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված էր նաեւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացված միջնորդության քննարկումը, որը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի հանդեպ քրեական հետապնդման հարուցմանը, ինչպես նաեւ կալանքը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու մասին հարցը:
Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին վերագրվում է պետական ծառայության և տնտեսական գործունեության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցանքների կատարում: Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: