Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:
Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երևան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից
Հիշեցնենք, որ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր: Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:
Հավելենք, որ նոյեմբերին այցելելով «Հին Երևան» ծրագրի տարածք, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եղել էր նաև Արամի 23 հասցեում գտնվող «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիա հասարակական կազմակերպությանը պատկանող պատմամշակութային հուշարձան-շենքում, որի պատերից մեկը «Հին Երևան» ծրագրի շրջանակում իրականացված հողային և շինարարական աշխատանքների հետևանքով փլուզման վտանգի տակ էր:
Կարդացեք նաև՝
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքը փլուզվել է
Կարդացեք նաև՝
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի սաները պահանջում են վերականգնել երգչախմբի շենքը
Կարդացեք նաև՝
Հայաստանը փոսերից հանելը մեր հիմնական առաքելությունն է. Նիկոլ Փաշինյանը՝ «Հին Երևան»-ում