ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ: Վերջինս նշել է, որ նախաձեռնելու է քննարկումներ:
«Կարծում եմ, որ հանրային լայն քննարկման ժամանակն է, ճիշտ կլինի, որ փոխվի ՀՀ օրհներգը, և որպես դրա երաժշտություն Արամ Խաչատրյանի երաժշտությունը վերցվի»:
Նա հավելել է, որ Արամ Խաչատրյանինը իդեալական երաժշտություն է: Ըստ նրա, ընդդիմախոսների այն հակափաստարկը, թե դա խորհրդային Հայաստանի օրհներգն է, անընդունելի է, որովհետև երաժշտությունն արվեստ է, «չի կարող լինել խորհրդային, բուրժուական, թագավորական»: «Չայկովսկին, Բախը, Մոցարտը, Խաչատրյանը ժամանակից ու քաղաքականությունից դուրս համամարդկային արժեքներ են»,-ասել է ԱԺ փոխնախագահը:
Անդրադառնալով այն հարցին, որ տարիներ առաջ եղել է նման մտադրություն, բայց քննարկումները հաջողությամբ չեն պսակվել՝ Սիմոնյանն ասել է, որ լայն քննարկման արդյունքում հնարավոր է կոնսենսուսի հասնել:
«Արամ Խաչատրյանի երաժշտությունը բոլոր կանոններին համապատասխանում է, ի տարբերություն այսօրվա օրհներգի: Խոսքն այն մասին է, որ օրհներգի երաժշտությունը պետք է այնպիսին լինի, որ երաժշտությունն աստիճանաբար բարձրանա: Երկրորդը՝ Արամ Խաչատրյանի երաժշտությունը, ի տարբերություն այսօրվա օրհներգի, ամբողջովին հայկական է, այն իր մեջ նաև շարական է պարունակում: Արամ Խաչատրյանը, լինելով խորը հավատացյալ մարդ, օրհներգի մեջ շարական է տեղադրել՝ ընդգծելու համար դրա հայկականությունը: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք և մենք մեր ակունքներին, սովորույթներին պետք է հավատարիմ մնանք: Տեսեք, մի պարզ օրինակ բերեմ. ունենք Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի անուններով փողոցներ ու պողոտա, սակայն անվանման մեջ «սուրբ» լինելու հանգամանքը չի ընդգծվում: Իսկ ընդգծելը հայրենասիրության շատ լավ ազդակ կլինի»,-ասել է նա:
Անդրադառնալով այն հարցին, թե մտավախություն չունի արդյո՞ք, որ որոշ շրջանակներում Արամ Խաչատրյանին վերադառնալը կարող է Ռուսաստանին ընդօրինակելու, նմանակելու քայլ դիտարկվել, քանի որ այնտեղ էլ վերադարձան ԽՍՀՄ շրջանի օրհներգին՝ Սիմոնյանն ասել է. «Ի՞նչ նմանակելու մասին է խոսքը: Արամ Խաչատրյանի երաժշտությունը համամարդկային արժեք է՝ ճանաչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Թող ռուսները մեզ նմանակեն, հավատք ունենք, պետություն ունենք, մենք Արամ Խաչատրյան ունենք, իրենք չունեն...Մենք դա չենք անում նրա համար, որ Ռուսաստանը դա արել է, մենք անում ենք, որովհետև ունենք Արամ Խաչատրյան»: