ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երեւանի կայազորի դատախազության դատախազ Հարություն Մաշադյանի զինգրքույկը, ինչպես նաեւ նրա զինվորական ծառայության ընթացքում արված լուսանկարները՝ կից գրառելով հետեւյալը.
««Դատախազության մասին» ՀՀ օրենքով, ընդ որում՝ ինչպես գործողի, այնպես էլ 2018թ. ապրիլին ուժը կորցրած ճանաչվածի պարագայում, անկախ նրանից՝ խոսքը այսպես ասած՝ քաղաքացիական, թե զինվորական ոլորտի դատախազներին է վերաբերում, սահմանվում է, որ դատախազի պաշտոն չի կարող զբաղեցնել այն անձը, որ չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, բացառությամբ այն անձանց, ովքեր ազատվել են նման ծառայությունից օրենքով նախատեսված կարգով ու հիմքով: Հրապարակում եմ Հարություն Մաշադյանի՝ զինվորական ծառայություն անցնելու լուսանկարները նաև զինգրքույկից, հատկապես նրանց համար, ովքեր անվստահությամբ էին փորձում մոտենալ ՀՀ դատախազության կողմից երեկ հրապարակված պաշտոնական հաղորդագրության այդ հատվածին:
Որպես հետգրություն էլ ասեմ, որ Հ. Մաշադյանը 12 ամյա դպրոց չի ավարտել եւ կրտսեր դասարաններում սովորելիս թռիչքային տեղափոխություն է ունեցել»:
Հիշեցնենք, որ վերջին օրերին մամուլում ակտիվորեն շրջանառվող լուրերի համաձայն՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ:
Մինչ դեռ այդ պաշտոնը զբաղեցնում է Արթուր Անտոնյանը, իսկ Մաշադյանը պարզապես դատախազության դատախազ է: Բացի դա ըստ դատախազության՝ Հարություն Մաշադյանը 2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին ։ Այնուհետեւ շարունակել է ուսումը եւ 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։
2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։
«Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած <Դատախազության մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին"։
Այսինք տարիքային ցենզ նախատեսված չի եղել»,- ասված է դատախազության տարածած պարզաբանման մեջ: