Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-ասված է գրառման մեջ։
Ըստ վերջին օրերին մամուլում շրջանառվող լուրերի՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ Հարություն Մաշադյանը, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։
Ավելի ուշ պարզաբանում է տարածել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը.
«Հարություն Մաշադյանը դատախազ դառնալու համար անցել է օրենքով սահմանված կարգով բոլոր ընթացակարգերը։
Հարություն Մաշադյանը ծնվել է 1995թ․-ին։
2010թ․-ին Հարություն Մաշադյանը ավարտել է թիվ 35 միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։
2013թ․-ի հուլիսի 2-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր, զորացրվել՝ 2015թ․-ին։ Այնուհետև շարունակել է ուսումը և 2016թ-ին ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով բակալավրի որակավորում։
2017թ-ին սահմանված կարգով ընդգրկվել է ՀՀ դատախազների թեկնածուների ցուցակում։ 2017թ-ի հոկտեմբերին ավարտել է Արդարադատության ակադեմիան։ 2018թ․-ի մարտի 7-ին նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազության դատախազ։
2019թ․-ի փետրվարի 4-ին փոխադրվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին։
Ինչ վերաբերում է աշխատանքի ընդունման հետ կապված՝ Հարություն Մաշադյանի տարիքին, նշենք, որ 2007թ.-ի մայիսին ուժի մեջ մտած և 2018թ. ապրիլին ուժը կորցրած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ դատախազ կարող էր նշանակվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`
1) Հայաստանի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.
2) տիրապետում է գրական հայերենին»։
Այսինքն՝ տարիքային ցենզ նախատեսված չի եղել:
Ինչ վերաբերում է 25 տարին լրանալուց հետո դատախազ դառնալու՝ օրենսդրական ընդհանուր իրավադրույթին, ապա այն սահմանվել է 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի 33-րդ հոդվածով, այսինքն՝ մինչ այդ գործած իրավահարաբերությունների վրա չի կարող տարածվել. վատթարացման առումով օրենքը հետադարձ ուժ չի կարող ունենալ»:
Կարդացեք նաև՝ Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է, ում վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին. Աննա Հակոբյանի պարզաբանումը
Եղել եմ ԱԱԾ-ում, հարցաքննվել եմ, էլի կգնամ՝ եթե կրկին կանչեն. ՊԵԿ փոխնախագահ