Արդեն տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզպետի խորհրդական, գրող Լյուբիկ Չիբուխչյանն իր 157-րդ գիրքը նվիրել է ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաևային: Գիրքը վերնագրված է «Էլնարա»: Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն այսօր անդադարձել են թեմային: Գիրքը գրելու շարժառիթների, արձագանքների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել Լյուբիկ Չիբուխչյանից.
-Պարոն Չիբուխչյան, հավանաբար շատերին է հետաքրքրում՝ ինչու՞ որոշեցիք գիրք ձոնել ադրբեջանցի երգչուհուն: Շատերը տարակուսանքի մեջ են: Ո՞րն էր շարժառիթը:
- Նախքան թեմային անդրադառնալը, նախ ներկայանամ, թե ես ով եմ: Ճանաչվել եմ Ուկրաինայի և Հայաստանի տարվա լավագույն մարդ: Գինեսի ռեկորդակիր եմ: Մշակույթի վաստակավոր գործիչ, ակադեմիկոս: 157 հատոր գիրք եմ գրել: Պուտինի մասին 1200 տողանոց մեկ նախադասությամբ գրված պոեմս գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իմ գրքերից 91 հատորը աֆորիզմներ են: Ունեմ նաև աշխատանքներ՝ նվիրված Սերժ Սարգսյանին, Ահմադինեժադին, Ժիրինովսկուն: 9 պաշտոնական ոսկե մեդալ ունեմ:
Այս աղջկան էլ շատ պատահական հեռուստատեսությամբ տեսա: Շատ լավ է երգում: Եվ մեր կացնահարված Գուրգեն Մարգարյանի «դիմաց» ես էլ ասացի՝ շնորհակալություն, որ տաղանդավոր երգչուհի ունեք: 173 էջանոց ձոն եմ նվիրել, որն արդեն հասել է Ադրբեջան:
-Ինչի՞ մասին է գիրքը: Ինչ հարցեր են շոշափվել:
-Էլնարա Աբդուլաևան ադրբեջանական երգչուհի է: Ես մի անգամ ձայնը լսեցի հեռուստատեսությամբ, ապա լսեցի բոլոր կատարումները: Գրել եմ՝ եթե ուզում եք Ղարաբաղը գրավել, եկեք՝ թառ-քյամանչով հասեք և այլն:
-Քննադատություններից չվախեցա՞ք...
-Ընդհակառակը՝ ես որպես մտավորական, ընդառաջ քայլ եմ արել: Ես շեշտել եմ, որ իրենք քնած մարդ են սպանում, իսկ մենք երգ-երաժշտությամբ բարեկամության ընդառաջ քայլ ենք անում: Զարմանալիորեն, բոլոր արձագանքները դրական են եղել: Բոլորը գիտեն, թե ես ինչ եղանակով եմ գրում: Իր երգերը լսել եմ, իրենց նախանձը սպանելու համար ձոն եմ նվիրել, գովերգել եմ: Երկու անգամ դիմել եմ անձամբ իրեն, սակայն չի պատասխանել: Հետո BBC-ից զանգահարեցին: Այսօր արդեն գրել են, նշանակում է՝ Ադրբեջան է հասել: Մենք այսպիսով քայլ ենք անում, որ մենք պատերազմին դեմ ենք և շեշտում՝ եթե ուզում ես գրավել, սազ-քամանչով գրավիր:
-Անկախ ամեն ինչից՝ հասարակության ճնշող մեծամասնությունը բացասաբար կտրամադրվի:
- Չէ, չի կարող այդպիսի բան լինել:
-Բայց գովաբանել եք չէ՞ ադրբեջանցի երգչուհուն:
-Ադրբեջանցի հասկացություն չկա... շատ հարցեր կան: Ալիևն ասում է՝ եթե արտագաղթածների ականջ բերեք, 20.000 դոլար կտամ: Իսկ մենք պիտի ընդառաջ քայլ անենք: Իմ ինչի՞ն է նա պետք...մենք պիտի հասկացնենք, որ մենք ականջ կտրող չենք: Եթե Ղարաբաղն ուզում եք, թառն առեք, եկեք: Գրել եմ՝ եթե ուզում եք լինենք հարևան, թող Բաքուն գա Երևան, մենք եղբայր ազգ ենք: Հակառակ դեպքում՝ մենք կրակենք, իրենք կրակեն, մինչև երբ... ամեն շաբաթ մարդ են սպանում: Եթե ինչ-որ մեկն ասի սխալ միտք կար, դա նորմալ մարդ չի կարող լինել: Չասե՞նք, որ մենք երաժշտությունն ընդունում ենք: Մեր ու իրենց քոչարին նույնն է: Ինչքան պար ունենք, նույնն են:
-Պարոն Չիբուխչյան, մենք հազարմյակաների պատմություն ունենք, ադրբեջանիցները նոր ձևավորված «ազգ» են... ինչպե՞ս կարող են մեր ու իրենց պարերը նույնը լինել...
-Չէ, չէ... մենք ընդառաջ քայլ են քանում, ես ուզում եմ գիրքը ռուսերեն ու ադրբեջաներեն էլ լույս տեսնի: Ուղարկենք Մինսկի խմբի համանախագահներին, անձամբ Ալիևին: Թող կարդան, թե ինչպես է մտածում հայ մարդը:
-Հատկապես վերջին շրջանում տեղի ունեցած սահմանային միջադեպերի ֆոնին Ձեր գիրքը ոչ մի կերպ չի ընկալվում...
- Ուրեմն, անձամբ Ձեր մասին չեմ ասում, բայց ես կարծում եմ՝ հասարակությունը չի կարող անհատի խելքին հասնել: Չպիտի ոչխարին հովվի մասին հարցնել: Օպերայի շենքը որ կառուցում էին, ուզում էին սպանել Թամանյանին... Ամեն ինչ պիտի արվի, որ հաշտվենք...մենք իրենց ամոթանք ենք տալիս, որ ականջ են կտրում, քնած մարդ են սպանում: Իսկ հայ պոետը գովերգում է իրենց երգչուհուն: Ի՞նչ անենք, պիտի լուծվի այս խնդիրը: Մենք սահմանի վրա ենք...
-Կարծում եք ադրբեջանցի որևէ գրող երբևէ հայ երգչուհուն գիրք կձոնե՞ր:
- Ոչ, չէր նվիրի: Ես հենց մտավորականներին ընդառաջ քայլ եմ ուզում անել: Սա կթարգմանվի, կհասցնեն Ալիևին: Ասելիքս տեղ կհասնի: Մենք մեր նամուսով պիտի նրանց առաջն առնենք: 72 միլիոն են, իսկ մենք՝ մեկ ու կես ենք մնացել: Մերը տաղանդն է, խելքը:
Եվ հետո էլ չափանիշներ կան, ես այդքան գրքերի հեղինակ եմ, սովորական մարդ չէ գրողը: Ուրեմն անհրաժեշտ եմ համարել:
Իրենք մեր այգին են քար նետում, մենք՝ իրենց...փոքր քարը կդառնա երկուսի համար շիրմաքար...ժողովուրդը դա չպիտի շահարկվի:
-Ձեր ասածը կգործեր, եթե գործ ունենայինք քաղաքակիրթ ազգի հետ, մոռանում ենք, որ խոսքը Ադրբեջանի մասին է:
-Հիմա եթե շուն է, պոչը չե՞ս շոյում: Բայց հո շան հետ չես ամուսնանա: Շուն են, կծելու են... Ես խաղաղասիրական քայլ եմ արել: Իմ ինչի՞ն է նա պետք, ես պարզապես ընդառաջ քայլ եմ արել, որ հաշտվենք: Ուրիշ տարբերակ չկա, էսպես չի կարող շարունակվել...եթե ես գտնում եմ, որ դա ճիշտ է, ուրեմն ճիշտ է: Ուրիշները պիտի ուրախանան, որ ես այդպիսի գիրք եմ գրել եմ, դա քաղաքականություն է:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան