▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անունիցս բացի պատմության մեջ կմնա նաև երկիրս.Մուշեղը պատրաստվում է իր երկրորդ ռեկորդին

ASEKOSE.am-ի թղթակցի զրուցակիցը Գինեսի ռեկորդակիր, միակնանի հեծանիվ վարող, Երեւանի Կրկեսի դերասան, Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի շրջանավարտ  Մուշեղ Խաչատրյանն  է, ով ծնվել է Երևանում, սովորել թիվ 107 միջնակարգ դպրոցում, 1997 թվականից Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում է, 2000-2001 թվականներին արդեն ելույթներ է ունեցել Կրկեսում, 2003 թվականին զորակոչվել է բանակ, վերադարձել և կարճ ժամանակ անց սկսել է շրջագայությունները:

Մուշեղ, սկսենք դպրոցից, ունեի՞ք սիրելի առարկա:

-Լինելով ընդունակ` դպրոցում լավ չեմ սովորել: Չնայած, ունեցել եմ ոչ սիրելի առարկաներ` ֆիզիկա, քիմիա: Ի դեպ, գործի բնույթով գրեթե ամեն օր անհրաժեշտ է լինում ֆիզիկայի իմացությունը: Ճիշտ է, չեմ դժգոհում, բայց ավելի լավ և շատ բան կարող էի իմանալ: Ամենաշատը ցավում եմ հայոց պատմությունը լավ չսովորելու համար, քանի որ, շփվելով դրսի հայության հետ` հասկացել եմ, թե ինչքան կարևոր է քո ազգի պատմությունն իմանալը:

Նրանք ամեն ինչ շատ լավ գիտեն, յուրաքանչյուր մանրուք` կապված ազգագրության, ազգային արժեքների հետ:

Բացը չե՞ ք լրացնում:

-Իհարկե լրացնում եմ: Օգնում է և’ կարդալը և’ շփումը: Վերադառնանք թեկուզ ազգագրությանը: Մանկուց  իմ ուշադրությունը գրավել է այն, ինչ-որ զվարճալի է, ասենք Վարդավառը: Բայց, ասենք Հայոց եկեղեցու տոներից Բարեկենդանը, Տեառնընդառաջը, Զատիկը Սփյուռքում այլ կերպ են նշում.պահպանվում է ամեն մի մանրուք:  Նրանք ուշադիր են անգամ մայրենի լեզվի նկատմամբ:

Ի՞նչը նպաստեց, որ ուսումը Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայում շարունակեք: Ինչպե ՞ս սեր արթնացավ դեպի Կրկես:

-Հիմնականում Ջեքի  Չանի ֆիլմերից եմ ոգեշնչվել (ծիծաղում է.Ա.Կ): Փորձերը մայրիկից և հայրիկից թաքուն էի անում: Հետո սկսեցի երգի ու պարի խմբակ հաճախել: Ապա Լ. Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի գովազդը տեսա, ասացին, որ նոր է բացվել, տարիքային սահմանափակում չկա: Այդպես, 1997 թվականի օգոստոսի 7-ին մայրիկս ինձ տարավ  ստուդիա: Ընդունվեցի: Փորձում  էի բոլոր ժանրերը, մինչև կգտնեի այն, ինչ հոգեհարազատ է ինձ:

Օրերից մեկ օր Ուկրաինայից Հայաստան  եկավ հեծանվորդ, ով գրավեց իմ ուշադրությունը: Հայրիկը հարցրեց, թե կուզե՞ս նրա հեծանիվից պատրաստեմ քեզ համար:  Համաձայնեցի առանց հասկանալու, թե այն որքան բարդություններ է իր հետ բերելու: Երկու օր անց ես արդեն ունեի հեծանիվ, այն էլ` հայրիկի պատրաստած: Հիմնականում, կարելի է ասել, ինքնուրույն եմ սովորել:

Բայց, ինչո՞ ւ հենց միակնանի:

-Որովհետև այդ տղայի հեծանիվը միակնանի էր: Հետաքրքիրն այն էր, որ,  երբ նա տեսավ  իմ հեծանիվը, հարցրեց, թե որտեղի՞ց, պատասխանեցի, որ հայրիկս է պատրաստել: Ցանկություն հայտնեց ծանոթանալ նրա հետ: Իմանալով, որ հայրս արհեստավոր է, խնդրեց վերանորոգել իր հեծանիվը: Իսկ հայրս երկաթի հետ կապված ամեն ինչ կարող է անել: Իմ բոլոր հեծանիվները նա է սարքել. նոր, ոչ մի տեղ չհանդիպող միակնանի հեծանիվներ:

Հեծանիվները թվով քանի՞սն են: 

-Երևի թե 10-ից շատ են, բայց ելույթների համար 4-ն են: Դրանցից  բացի ունեմ առօրյայում կիրառվող հեծանիվներ:

Կարո՞ղ եմ ենթադրել, որ առավել շատ հեծանիվներից եք օգտվում, քան մեքենայից:

-Այո, ճիշտ եք ենթադրում: Հատկապես եղանակների լավանալու դեպքում գրեթե միշտ հեծանվով եմ: Սա և’ առողջ ապրելակերպ է, և’ խուսափում ես խցանումներից:

Իսկ ինչպե՞ս եք պատրաստվում ելույթներին: Գաղափարներն ամեն անգամ տարբեր են: Ինքներդ եք մտածում, թե՞  օգնում են:

-Այն շատ լուրջ և բարդ հարց է ինձ համար: Վերջերս Ուկրաինայում «Թաքնված տաղանդին» էի մասնակցում, ռեժիսորների հետ միասին մտածեցինք, որ պետք է հանդես գամ մատուցողի կարգավիճակով: Հիմա այլ կերպարով եմ ցանկանում հանդես գալ.ասենք բանկի աշխատողի կամ այլ: Սպասում եմ առաջարկների: Տարբեր բնագավառում աշխատող մարդկանց կարծիքներին ինձ շատ են հետաքրքրում: Միգուցե առաջարկները հենց իրենց տեսանկյունից ծիծաղելի լինեն, բայց ինձ համար շատ կարևոր են և գուցե ելույթի նոր համարի հիմք հադիսանան:

Ի դեպ, Կրկեսում կա՞ մեկը, ով գաղափարական առումով օգնում է:

-Այո, Սոս  Պետրոսյանը: Նա  շատ է օգնում: Բայց ես չեմ ցանկանում կրկնօրինակել հներին, առավել շատ նորի կողմնակից եմ: Ուզում եմ ունենալ այնպիսի ելույթներ, որոնք ոչ ոք երբեք չի կատարել: Նույնը նաև հագուստի առումով: Հանդես եմ գալիս հիմնականում սպորտային զգեստով, ոչ Կրկեսի ավանդական զգեստներով:

Հայաստանից բացի մասնակցել եք նաև Ուկրաինայի  «Թաքնված տաղանդ» շոուին: Ինչո՞ւ հենց Ուկրաինան:

-Մասնակցել եմ նաև այլ երկրների «Թաքնված տաղանդ»-ներին:  Հայաստանում երբ քասթինգի էի մասնակցում,  ֆեյսբուքով ուկրաինացի մի տղա գրեց՝ առաջարկելով մասնակցել շոուին` ասելով, որ տեսանյութը տեսել է և, եթե ուղարկեմ և  հավանեն պրոդյուսերները, ապա հնարավորություն կունենամ մասնակցել շոուին: Մի 4 ամիս անցավ, ես արդեն մոռացել էի այդ մասին: Անսպասելի զանգ ստացա դրսի համարից: Ասացին, որ Ուկրաինայի  «Թաքնված տաղանդ» շոուից են զանգահարել և ցանկանում են, որ մասնակցեմ: Համաձայնեցի: Հասա մինչև կիսաեզրափակիչ  ու դուրս մնացի: Մասնակցեցի նաև Չեխիայի, Սլովակիայի նույնանուն մրցույթներին: Այստեղ էլ բիզնես-վիզայի պատճառով դուրս մնացի: Նույնը նաև Բրիտանիայի դեպքում: Քանի որ, եթե հաղթեի՝ տուրիստին իրավունք չունեին որևէ բան տալու:

 Իսկ Գերմանիայում շոուին մասնակցելս ուղեկցվեց Գինեսի ռեկորդով:

Այդքան մասնակցել ես շոուների, աշխատանքի առաջարկներ չե՞ ս ստացել:

-Իհարկե եղել են:  Դիտում ունեցող տեսանյութերիցս մեկը Ուկրաինայի ելույթն է: Բազում հաղորդագրություններ կան, որտեղ ցանկություն են հայտնել ինչ-որ կերպ կապ հաստատել ինձ հետ` անելով բազում աշխատանքային առաջարկներ:

Եթե լինեն լուրջ աշխատանքային առաջարկներ` կընդունե՞ ս:

-Ես հենց այդկերպ էլ աշխատում եմ և’ Կրկեսներում և’ հյուրանոցներում: Վերջինի դեպքում հիմնականում հատուկ հյուրերի համար ենք համարներ ցուցադրում:

Մեր նախնական զրույցի ժամանակ ասացիք, որ մարդիկ չեն հետաքրքրվում Կրկեսով: Հիմնականում, ըստ Ձեզ, ինչն է պատճառը:

-Աշխատասիրութան և տեղեկացված չլինելու պակասը: Շատ հաճախ, երբ տեսնում են՝ հեծանիվ ես վարում, ասում են, թե դրա մեջ ինչ կա, մենք էլ կարող ենք: Փորձել են, ընկել և վերջ: Անգամ հեծանիվս եմ տվել՝ ասելով, որ կարող եք պարապել, փորձել, սակայն մեկ սայթաքում և հետևյալ արտահայտությունը.

-Օ, ոչ, սա իմը չէ:

Իսկ այսօր շատ կարևոր է աշխատասեր լինելը:  Օրինակ Կրկեսը տարածք է տրամադրում և այդ տարածքում պետք է անես այն, ինչ կարողանում ես: Մենք լավ մարզիչների պակաս ունենք:

Ելույթների ժամանակ ինչի՞ մասին եք մտածում: Չե՞ք վախենում բարդ համարներ ներկայացնելիս:

-Չէ, եթե վախենամ՝ ոչինչ չի ստացվի: Մինչև ելույթի մակարդակին հասնելը երկար եմ պարապում:  Տարիներով կարող է երկու րոպեանոց համարին պատրաստվեմ: Իսկ այդ ժամանակ, եթե մտածեմ՝ վա՛յ, այս ինչ մարդն է ինձ նայում, կամ վա՛յ, նկարում է, հաստատ ոչինչ չի ստացվի: Մտածում եմ միայն ամեն ինչ հաջող ավարտելու մասին:

Նշեցիք, որ առաջին ռեկորդը սահմանել եք Գերմանիայում:  Ինչպե՞ս պատահեց:

-«Թաքնված տաղանդ»-ին էի մասնակցում, ասացին, որ պետք է անես այնպիսի բան, որը երբեք չես արել: Ես 2009 թվականից դիմել էի ռեկորդի համար, նրանք նշել էին պայմանները: Այսինքն, իրավունքն ունեի արդեն: Բայց անընդհատ չէր ստացվում: Հայաստանում չէի լինում, երբ վերադառնում էի, արդեն ձմեռ էր և այլն: Այնպես ստացվեց, որ Մեքսիկայից օգոստոսին գալու էի, ու մի քանի օրից գնալու էի Գերմանիա՝ շոուին մասնակցելու: Ասացի, որ իրավունքն ունեմ, հեծանիվն ունեմ և այս կամ այն համարները կարող եմ ցուցադրել: Համաձայնեցին: Ռեկորդը կատարվեց, սակայն  շատ բաներ իմ սրտով չէր: Եկա Հայաստան, կազմակերպեցի ևս մեկ անգամ: Հրավիրեցի վկաների՝ Գինեսի ռեկորդների հայաստանյան գրասենյակից. «Արտասովոր շարժողական գործունեության գրանցման» հանձնաժողովի նախագահ և Հայաստանի մարզական և ոչ այնքան մարզական ռեկորդները գրանցող «Դյուցազնագրքի» հեղինակ Վարդան Թովմասյանին, Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանին և Երևանի պետական կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանին, ինչպես նաև լրատվամիջոցների, որպեսզի փաստեն կատարվածը:  Այդպիսով, 3 մետր 8 սանտիմետր և փոքր ակ ունեցող հեծանվով անցել եմ 25 մետր: Գրանցվածը 8 մետր էր:

Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովը ներկա չի եղել ելույթիդ ժամանակ, ուղարկվել է տեսաձայնագրությունը: Արդյոք սա բարդություններ չառաջացրե՞ց:

-Գինեսի ռեկորդները գրանցող հանձնաժողովին հրավիրելը մեծ գումարների հետ է կապված.տոմսը, հյուրանոցը, տրանսպորտը և չնախատեսված բոլոր ծախսերը հրավիրող կողմը պետք է լուծի:

Իսկ ի՞նչ է տալիս Գինեսի ռեկորդակիր լինելը: Սա նպատակ է, երազանք, թե՞..

-Ես չեմ կարծում, որ երազանք ունեմ: Նպատակս Գինեսի ռեկորդն էր: Այն ինձ ոչինչ չի տալիս, ուղղակի կենսագրությունում ևս մեկ կետ է ավելանում: Ձգտում եմ անել այնպիսի բան, որ ոչ ոք դեռևս չի արել:

Անունիցս բացի պատմության մեջ է մնալու նաև երկիրս: Իսկ դա ինձ համար շատ կարևոր է: Կցանկանայի, որ հեծանվային սպորտը զարգանար Հայաստանում և շատ հայերի ազգանուններ գրանցվեին Գինեսում: Իսկ ես ունենայի շատ մրցակիցներ ու ձգտեի ավելիին: Այդ ուղղաթյամբ անգամ քայլեր եմ կատարում.անվճար սովորեցնում եմ ցանկացողներին:

Ե՞րբ  սպասենք  երկրորդ  ռեկորդին:

Այս կիրակի.  մարտի 23-ին, ժամը 4-ին`  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիի մոտ: Սահմանվելու են նաև տարբեր ռեկորդներ Դյուցազնագրքի համար: Շատ էի ցանկանում ամսի 22-ին կազմակերպել, քանի որ երկու թիվը ինձ միշտ հաջողություն է բերել(ծնվել եմ մայիսի 22-ին, երևի դրա հետ է կապված), սակայն, քանի որ «Դեմ եմ»-ը երթ է անելու, իսկ դա ազգիս համար շատ կարևոր է, ես մեկ օրով հետաձգեցի ելույթս:

Ի դեպ, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին: Որպես երիտասարդ, կողմ ես, թե ՞ դեմ:

-Ճիշտն ասած, կարելի է ասել՝ ես Հայաստանում չեմ աշխատում, բայց սա կապ չունի, ես դեմ եմ պարտադիրին: Ազատ, անկախ երկրում քաղաքացին իրավունք պետք է ունենա ընտրելու: Այլընտրանք պետք է լինի:

Անի Կարապետյան

Լուսանկարը`imyerevan.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին