▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ իշխանավորները խափանել են համերգը՝ իջեցնել տալով վարագույրը

Ռոք երաժշտությունը հանրամատչելի երաժշտության ժանր է, որի գործիքավորումը սովորաբար ներառում է էլեկտրական կիթառ, բաս կիթառ և հարվածային գործիքներ։ Ռոք երաժշտության շատ ժանրեր ներառում են նաև ստեղնաշարային գործիքներ՝ երգեհոն, դաշնամուր, մելլոտրոն, սինթեզատոր։

Այս  երաժշտությունը ծագում է 1940-ականների և 1950-ականների ռոքնռոլից և ռոքաբիլլիից, որոնք ձևավորվել են բլյուզի, քանթրի երաժշտության և այլ ուղղությունների ազդեցության ներքո:

Ռոք երաժշտության ենթաժանրերից է ծանր ռոքը (անգլ. hard rock կամ heavy rock, բառացի՝ ծանր ռոք), որին բնորոշ է Էլեկտրակիթառների, բասս կիթառի, դաշնամուրի, հարվածային  և ստեղնաշարային գործիքների առատ օգտագործումը։

Հայտնի խմբերն էին՝ The Who-ն, Deep Purple-ը, Iron Butterfly-ը, Blue Cheer-ը և Led Zeppelin-ը:

Հայաստանում ռոք երաժշտություն սկսել են ներկայացնել 1960-ական թվականների կեսերից:

Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործել են համամիութենական մակարդակի մեծաթիվ ռոք-խմբեր և կատարողներ, այդ թվում Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կալեյդոսկոպ», «1+2», իսկ  Երևանի «Դինամո» դահլիճում տեղի են ունեցել միջհանրապետական ռոք-փառատոներ։ Չնայած պետական ճնշումներին՝ 1980-ականներին հայտնվել են նոր խմբեր. «Ասպարեզը», որը ալբոմ է թողարկում սովետական «Մելոդիա» ֆիրմայում, և Արթուր Միտինյանի լեգենդար «Այաս»-ը: Վերջինը ընդամենը մեկ տարվա ջանքերի արդյունքում ունենում է մեծ հաջողություն, և հայկական մեկ այլ` «Ասպարեզ» մետալ խմբի հետ միասին գերմանական «Melodie und Rhytmus» և «Neues Leben» ամսագրերի կողմից ընդգրկվում է ԽՍՀՄ լավագույն ռոք խմբերի տասնյակում։ «Այաս»-ի գործունեության դադարեցման, համերգների խափանման, հիմնադիր Արթուր Միտինյանի՝ Հայաստանից հեռանալու, ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժշտության համադրության, աշխարհում առաջին «Բիթլզ ընդմիշտ» ռոք-բալետի ստեղծման, հայկական առաջին ռոք-օպերայի ներկայացման և այլ հարցերի շուրջ զրուցել ենք խմբի հիմնադիր Արթուր Միտինյանի հետ:

1987 թվականին հիմնադրեցիք «Այաս»-ը (AYAS): Ինչպե՞ս է կատարվել խմբի  անվան   ընտրությունը:

Խմբի անվան գաղափարը երիտասարդական «Դեբյուտ» թատրոնի ռեժիսոր Լև Հովհաննիսյանինն է: «Այաս»-ը Կիլիկիայի խոշոր նավահանգիստներից մեկն է, հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8-6-րդ դդ (մ.թ.ա)։  Իտալացիները կոչել են քաղաքը Լայաս։ Ունեցել է հզոր միջնաբերդ, որից հիմա միայն ավերակներ են պահպանվել։ Մինչև 6–րդ դարը Կիլիկիայի հունական արքեպիսկոպոսի երկրորդ աթոռանիստն էր։ Եվրոպացիներն Այասում ունեին իրենց հյուպատոսությունները։ Այժմ այն, ցավոք, գտնվում է Թուրքիայի տարածքում։

Խումբը ընտրել է ծանր ռոքի և հայկական հոգևոր երաժտության համադրությունը.ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Խմբի առաջին՝  1988 թվականին թողարկված «Երկինք ու երկիր» ալբոմում համանուն երգով ներկայացվեց հոգևոր երաժշտություն: Իսկ, ընդհանրապես, «Այաս»-ի ոճն այսպիսին էր.գուսանական, ժողովրդական երգեր, շարականներ: Օրինակ 1992 թվականին ամերիկյան AIM ամսագրում քննադատները խմբի ոճը բնութագրեցին որպես բլյուզ և շարական: Ավելի ուշ մենք նախընտրեցինք հին հայկական լադային երաժշտությունը:

Ներկայացվող երժշտությունն, ամեն դեպքում, մի շարք խնդիրներ է առաջացրել: Ասում են՝ համերգներից մեկի ժամանակ նույնիսկ իջեցվել է վարագույրը, այդպե՞ս է:

-ԽՍՀՄ տարիներին կիթառի այն տոնայնությունը, որին հիմա բոլորն են սովոր, ոմանց համար հանցանք էր ու զայրույթ էր առաջացնում: 1983-86թթ. դեռևս «Ասպարեզ»-ում էի, երբ օգտագործեցի այդ տոնայնությունը, որը խիստ քննադատության  արժանացավ արևմտյան քննադատների  կողմից: Իսկ հայ կոմերիտական առաջնորդներն այնպես էին անում, որ համերգի ժամանակ ձայնը շատ բարձր չլիներ, բեմադրություն չլիներ, էլ չեմ խոսում գաղափարախոսության  մասին: Գործերից մեկը, որը կոչվում էր «Ծերունին ու նավը», որը գրվել էր IX դարի հայ անհայտ հեղինակի ստեղծագործության հիման վրա, և հիշատակվում էր Աստված, այդպես էլ թույլ չտվեցին կատարել ու հանվեց խաղացանկից: 1985 թվականի «Ուսանողական գարուն » երիտասարդական փառատոնի ժամանակ, երբ կատարում էինք այս ստեղծագործությունը, խափանեցին համերգը՝ իջեցնելով վարագույրը:

Եվ, որոշ ժամանակ անց,  խումբը դադարեց գործելինչո՞ւ:

1995 թվականի ապրիլի 20-ին ընտանիքով մեկնեցինք Մոսկվա, որտեղ սկսեցի աշխատել  INRI և Sermon ռոք խմբերի հետ: Տարիներ անց՝ 2008 թվականին «Այաս»-ի նոր խումբը հավաքվեց և ապրիլի 18-ին՝ 14 տարի ընդմիջումից հետո  մասնակցեցինք Metal Atack փառատոնին, իսկ  2010 թվականին Երևանում խումբը հանդես եկավ  մենահամերգով` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգի ձայնագրությունը թողարկվեց DVD-սկավառակով։

2014 թվականից կոմպոզիտորների միության անդամ եք: Հետևո՞ւմ եք հայաստանյան երաժշտական անցուդարձին:

-Հայաստանի և Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ եմ՝ սկսած 1988 թվականից: Ուղղակի այդ ժամանակ կոմպոզիտորների միությունը գործ չէր անում, համերգներ չկային, ոչ էլ հանդիպումներ: Հետո Ռուսաստանում ինձ միության անդամ լինելու համապատասխան փաստաթուղթ էր անհրաժեշտ, դիմեցի Երևան, չգտան, ստիպված կրկին գրանցվեցի: Դեռևս չգիտեմ, թե ինչ է կատարվում հայկական երաժշտական ասպարեզում, ոչ ոքի չգիտեմ, ուստի առայժմ մեկնաբանություն չեմ անի:

ՌԴ մշակույթի նախարարության պատվերով գրել եք «Բիթլզը ընդմիշտ» ռոք-բալետը: Ի՞նչ եք գրել կամ կցանկանայիք գրել ՀՀ մշակույթի նախարարության պատվերով:

-2006 թվականի մայիսի 31-ին Սամարայում տեղի ունեցավ իմ “Beatles Forever” ռոք-օպերայի պրեմիերան: Երևանում հարց բարձրացվեց այն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացնելու համար.շահագրգռված էր թե՛ թատրոնի ղեկավարությունը, թե՛ Մշակույթի նախարարությունը, բայց ամեն ինչ մոռացվեց.երևի կարևոր այլ խնդիրներ կային:

Գիտեմ, որ աշխատում էիք ներկայացնել «Տիգրան Մեծ» ռոք-օպերան և լսել եմ, որ աջակցություն եք ակնկալել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից.դիմեցի՞ք, ստացա՞ք աջակցությունը:

-Այո, «Տիգրան Մեծ» օպերան ինձ շատ հոգեհարազատ է, ցավոք, դեռևս ուժ և հնարավորություն չունեմ՝ այն կյանքի կոչելու համար, բայց հուսով եմ՝ կգա օրը, որ ամբողջ ժամանակս կհատկացնեմ դրա իրականացմանը: Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, ապա այդ հարցը նրա հետ չի քննարկվել, չնայած ցանկություն կար:

«Տիգրան Մեծ»-ի փոխարեն, կամ նրանից առաջ հաջողվեց ներկայացնել  «Ես և նա» ռոք-օպերանՈրքանո՞վ են համատեղելի ռոքն ու օպերան:

- Ռոքն ու օպերան համատեղելի են, այստեղ դժվար բան չկա: Իմ առաջին ռոք-օպերան՝ Խորենացու հայոց պատմությունից՝ Երվանդունիների մասին, գրվել է 1984 թվականին: «Ես և նա» -ի համար երաժշտություն գրելիս էլ ես նախընտրեցի մնալ հայկականի սահմանում: Թող ողջ աշխարհն իմանա, որ տարանտելլան ստեղծել են հայերը:

Նար-Դոսի այս պատմվածքում մեծ, ճակատագական  դեր են խաղում նամակները: Դուք    երբևէ  նման նամակ գրել կամ ստացե՞լ եք:

-Իմ կյանքում նման իրավիճակ չի եղել, բայց Անտոնիոյի հետ շատ նմանություններ ունենք: Ինչպես նա, այնպես էլ ես՝ ներկայացնում ենք աստվածային երաժշտություն ու հավատարիմ ենք նրան: Նրանք, ովքեր գտնվում են այդ աշխարհում՝ պաշտպանված են ամեն առումով:

Կոնսերվատորիայում ուսանելիս ուսումնասիրել եք հայկական արիական քրմերի հիմները.ինչո՞վ էին դրանք արժանացել Ձեր ուշադրությանը:

 -Հայկական երաժշտությունը գաղափարների օջախ է: Որոշեցի անդրադառնալ քրմերին, քանի որ  կարծում եմ՝  պետք է հիշենք, թե որքան հզոր ենք եղել, հավաքենք բոլոր ուժերը՝ կրկին փյունիկի պես վեր հառնելու համար ու ունենանք նախկին հզոր Հայրենիքը:

Ո՞րն է քրմության խորհուրդը:

-Միշտ լինել կյանքին սիրահարված, աշխատել ու հավատալ հաղթանակին: 

Կոմպոզիտորները հաճախ դժգոհում են պետպատվերից՝ ասելով, որ մի քանի կոպեկով չեն պատրաստվում ստեղծագործել: Դուք ինչի՞ց եք դժգոհ:

Իսկական կոմպոզիտորին ոչինչ չի կարող տխրեցնել, եթե նա ստեղծագործում է: Ես ամեն ինչից գոհ եմ.կարևորը՝ ողջ եմ, ապրում եմ իմ երկրում:

 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին