▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կատարյալ ապուշություն.Ճարտարապետները՝ Ծիծեռնակաբերդում նոր հուշակոթող դնելու գաղափարի մասին

Վերջերս լրագրողներին ներկայացվեց Ցեղասպանության 100 տարվա վերապրման ու հայերի վերածննդի խորհրդանիշ հուշակոթողի էսքիզը, որը ցանկանում են իրականություն դարձնել ու տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում: Գաղափարը բարեգործ, պահեստազորի մայոր, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական Հրաչյա Պողոսյանինն է:

Հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը սա կատարյալ ապուշություն է համարում.

«Բոլորն իրենց եսը ներկայացնելու համար ուզում են այնտեղ անպայման ինչ-որ մի քար դնել: Տարբեր մարդիկ անընդհատ դիմում են, մերժում ենք: Իրենք էլ են դիմել՝ մերժել ենք: Հենց թանգարանի մուտքի առջև էլ ցանկանում էին դնել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում վրդովված ասաց ճարտարապետը:

Նույն կարծիքին է նաև Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը.

«Սա կարծեմ եկեղեցականների համար է ու ուզում են, որ անպայման նշվի: Դրա կարիքը չկա:  Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը բոլորի համար է՝ անկախ մարդու գրաված դիրքից: Մի գեղեցիկ օր էլ վեր կկենան ու կասեն, թե մի առանձին քար էլ ուսուցիչների համար դնենք: Բոլորն էլ հարգելի են, բայց ինչո՞ւ առանձնացնել: Գաղափարն է աղճատվում, չի կարելի: Կարող է՝ այնպիսի մի պատկեր ստացվի, որ մարդիկ այլևս չցանկանան գնալ ու իրենց հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերին»,-նշեց Ճարտարապետների միության նախագահը:

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հեղինակն է ճարտարապետ Արթուր Թարխանյանը (Սաշուր Քալաշյանի համահեղինակությամբ)։ Ըստ ավանդության՝ «Ծիծեռնակաբերդ» անունն այս բարձունքը ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին ու Աստղիկին իրարու լուրեր փոխանցել։ Ամեն տարի Ապրիլի 24-ին հազարավոր հայեր և օտարազգիներ բարձրանում են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում թուրքական կառավարության իրագործած Հայոց Ցեղասպանության զոհերին։

1965-ին՝ Ցեղասպանության 50-րդ տարելիցին, Երևանում կազմակերպվեցին միլիոնանոց ցույցեր։ Դրանց արդյունքում 1966-ին սկսվեց Ցեղասպանության հուշարձանի կառուցումը, որն ավարտվեց 1968-ին։ Երևանում բազմաթիվ մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշարձան և ծաղիկներ են դնում հավերժական կրակի մոտ։ 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը։ 12 քարե սալերը՝ դասավորված շրջանագծով, ներկայացնում են Արևմտյան Հայաստանի 12 հայաբնակ նահանգները, որոնք գտնվում են ներկայիս Թուրքիայի տարածքում։ Մեկ այլ տեսակետի համաձայն` դրանք խորհրդանշում են այն 12 նահանգները, որտեղ հիմնականում տեղի է ունեցել կոտորածը: Շրջանի կենտրոնում հավերժական կրակն է։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100-մետրանոց պատ, որի վրա փորագրված են ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին