▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է իմ իրավունքները խախտելու համար պատասխան տալու

1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 

«Մայրենի լեզվի իրավիճակը մտահոգող է: Մարտահրավերները՝ հատկապես Արևմուտքից, մեզ համար վտանգներով լի են եղել և այսօր էլ դրանք առկա են, քանի որ լեզվական քաղաքականությունն օրենսդրորեն ուշադրության չի արժանանում: Արևմտահայերենն այսօր որպես գրական լեզու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ներառված է վտանգված լեզուների շարքում: Ցավով պետք է նշեմ, որ 40-ից ցածր տարիք ունեցող ՀՀ քաղաքացիներն իրենց ազգանվան մեջ պահպանում են յան վերջավորությունը, սակայն հայկական մտածելակերպ չունեն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Նրա խոսքով՝ օրվա հետ կապված սովորական միջոցառումներ են կազմակերպվում դպրոցներում, ու ասում, որ գործ են կատարել.

«Անհրաժեշտ է հայապահպանությանը նվիրված մեծամասշտաբ ռազմավարական ծրագիր մշակել:  Ժողովուրդը պետք է հասկանա, որ լեզվի պահպանությունը մեր գոյատևման գրավականն է: Այն մեր ազգային դիմագիծն է, մտածողությունը: Այսօր ուղղագրական կոպիտ սխալներով գրքեր են լույս տեսնում, եթերից հնչում է մեր բառապաշարին ոչ հարիր խոսք, էլ չեմ խոսում գովազդի մասին: Ուշադրություն պետք է դարձնել նաև գրավոր խոսքին:  Օրինակ՝ մեքենայի սխալ կայանման  հետ կապված գրություն եմ ստացել՝ կոպիտ սխալներով: Անգամ կազմակերպության ճիշտ անվանումը չի նշվում.Ոչ թե Հարկադիր կատարման, այլև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն է: Կամ սա՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունի կողմից: Պետք է լինի՝ ոստիկանության կողմից: Ավելին՝ գրություն են ուղարկում՝ չնշելով, թե սա զեկուցագիր է, դիմում, միջնորդագիր, թե՞ այլ բան: Կամ,  գրում են՝ Հարգելի պարոն Բարսեղյան..Գիտենք, որ շեշտը պետք է պարտադիր դրվի  կոչականի վրա, իսկ եթե այն ունի լրացում և այն դերանուն չէ, ուրեմն՝ լրացման վրա: Պետք է գրվի՝ Հարգելի՛, պարոն… սա էլ չկա:

Ո՞վ չգիտի, որ բառը կրճատ գրելու դեպքում միջակետ ենք օգտագործում.գրում են 2016թ ու մոռանում են թ-ի կողքին միջակետ դնել: Չէ՞ որ այս ամենը երեխաների մեջ տպավորվում է: Վրդովվում եմ, երբ ասում են վարչապետերի հանդիպում.պետք է լինի՝ վարչապետների հանդիպում: Չպետք է մոռանալ նաև  ստորագրության մասին, որը նույնպես պետք է հայերեն լինի»,-նշեց Լավրենտի Միրզոյանը:

Անդրադառնալով մեր հասարակության կողմից սիրով օգտագործվող օտար բառերին, այն է՝ «մերսի», «օկ» և այլն, լեզվաբանն ասաց, որ այդ գործառույթները տրված են Լեզվի պետական տեսչությանը, բայց այսօր պետավտոտեսուչն ավելի մեծ լիազորություններ ունի, քան Լեզվի պետական տեսչության աշխատողները: Մտնում ես տեխնիկայի խանութ՝ ամեն ինչ օտար լեզվով է, և ոչ ոք չի ասում, թե եթե արդուկ եմ գնում, ինչո՞ւ տեխնիկական անձնագրի մեջ հայերեն տեղեկատվություն չկա.ո՞վ է իմ իրավունքները խախտելու համար պատասխան տալու:

Խոսելով օտար բառերը հայերեն ներկայացնելու մասին, ինչպիսիք են օրինակ՝ շեյփինգ-մարմնագեղում,  չիփս՝ խռթան,  սեքս-սեռք և այլն,  Լավրենտի Միրզոյանն ասաց, որ ուշադրություն չպետք է դարձնել դրանց.

«Ժամանակին կար տերմինաբանական կոմիտե, որի որոշումները ես հրատարակել եմ առանձին գրքով.այսօր այն չկա, ուստի գինեկոլոգը կնախտաբան են թարգմանում, սեքսը՝ չգիտես ինչ: Ախր ամոթ է, այդ բառերը չի կարելի թարգմանել»,-եզրափակեց Լավրենտի Միրզոյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին