▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի կողմնակիցը 5 հազար դոլար է վերցրել՝ բանակից ազատելու համար, և բռնվել․․․

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախորդ տարեվերջին գրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատեր Տաթեւը, որը լրագրող ներկայացող, նախկինում խարդախության համար դատված, Նիկոլ Փաշինյանի ակտիվ աջակից Թերեզա Ասատրյանի դուստրն է, տեսաուղերձ է հրապարակել եւ հայտնել, որ իր մայրը կալանավորվել է: Նա տեսանյութում պատմում է, որ Ասատրյանը մի շարք հիվանդություններ ունի, անգամ` գլխուղեղի քաղցկեղ, ինչի համար պարտքով գումար է վերցրել, մաս-մաս վճարել, եւ, հավանաբար, հենց դա է ընկած քրեական գործի հիմքում: Մենք փորձեցինք քննչական մարմիններից պարզել, թե ինչ վարույթի շրջանակներում է կալանավորված Թերեզա Ասատրյանը, ինչ հանցանքում են նրան մեղադրում, սակայն մեզ տեւական ժամանակ պատասխանում էին, որ որեւէ քրեական գործ, որով անցնում է Թերեզա Ասատրյան անունով անձը, չկա։ Երկար փնտրտուքներից հետո պարզեցինք, որ «Թերեզա Ասատրյան» ազգանունով ներկայացող անձը, որին լրագրողները մշտապես հանդիպում էին շրջիկ պատարագների ժամանակ, որը ողջունում է Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի բոլոր ստատուսները, մեկնաբանություններ գրում, անպատվում Փաշինյանին քննադատողներին, իրականում անձնագրով Թերեզա Սարգսյան է, այլ ոչ թե՝ Ասատրյան։ 

Ըստ մեզ տրամադրված տեղեկատվության, 2022-ին Թերեզա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով զորակոչիկին կեղծ հիվանդության ախտորոշմամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու որեւէ լիազորություն, խաբեության եղանակով Լոռու մարզի ՏՍ-ում հաշվառված զորակոչիկ Հովհաննես Մանուկյանին ձմեռային զորակոչի ընթացքում՝ կեղծ հիվանդության ախտորոշմամբ, պարտադիր զինծառայությունից ազատելու համար, վերջինիս հորից՝ Գրիգոր Մանուկյանից պահանջել եւ ստացել է խոշոր չափերով՝ 5 հազար դոլար գումար, սակայն հետագայում Հովհաննես Մանուկյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր։ Որից հետո գումարը տված անձը, հավանաբար, բողոքել է, եւ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակներում էլ պատարագասեր տիկինը հայտնվել է բանտում:

3 տարի տեւած դատա­քննությունից հետո Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարին վճռել է Թերեզայի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի ժամկետով։ Դատավճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, որն այն անփոփոխ է թողել, հետո՝ Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել բողոքը, եւ Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ՝ Ասատրյան-Սարգսյանը հայտնվել է ՔԿՀ-ում: Ընդ որում, մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը եղել է ազատության մեջ, հավանաբար, իշխանամետ լինելն է օգնել:

Թերեզա Ասատրյան-Սարգսյանը, հիշեցնենք, նախկինում էլ է դատվել խարդախության համար, նրա նկատմամբ ժամանակին կիրառվել է համաներում։ Նա 2018-ին մեծ ոգեւորությամբ ողջունել է Փաշինյանի՝ իշխանության գալը, մտերմացել է ՔՊ-ականների հետ, գուցե ինքն էլ է կուսակցական, որովհետեւ բազմաթիվ լուսանկարներ ունի ՔՊ անդամների հետ։ Նա չնայած հայտարարում էր, որ կռվել է Արցախի համար, սակայն Արցախը հանձնած իշխանություններին շատ էր սիրում, իսկ Արցախը պահած իշխանությունների հանդեպ մեծ ատելություն էր տածում։ Նիկոլ Փաշինյանի շրջիկ պատարագների ժամանակ նա, որպես կանոն, հարձակվում էր լրագրողների վրա, կոպտում նրանց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին