▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարարությունը չի օգնում, հույսը բարերարներն են

Այս տարի լրանում է սիրված վանական համալիրներից մեկի՝  Ախթալայի վանքի հիմնադրման  800-ամյակը:

«2 տարի առաջ սկսվել են  վանքի  գմբեթի և որմնանկարների վերականգնման աշխատանքները: Ծրագիրը հաստատվել է Մայր Աթոռի և Մշակույթի նախարարության կողմից: Հույս ունենք, որ կգտնենք բարերար, որը կհոգա այդ ծախսերը և համալիրը կամբողջացվի: Պահանջվող գումարը մոտ 263 միլիոն դրամ է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախթալայի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր. Հեթում քահանա Թարվերդյանը:

Մեր հարցին, թե բացի ծրագիրը հաստատելուց, Մշակույթի նախարարությունը չի՞ օժանդակելու,  քահանան պատասխանեց.

«Այս պահին նախարարությունը որևէ աջակցություն չի կարող ցուցաբերել, որովհետև ֆինանսական միջոցները սահմանափակ են»:

Նշենք, որ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Լոռու մարզի հյուսիսային հատվածում: Կառուցվել է  10-րդ դարում և կանգուն է մինչև օրս: Այն աշխարհի հանրագիտարաններում գրանցված է որպես ամենահին և  ամենաշատ պահպանված որմնանկարներ ունեցող կառույց: Որմնանկարները երբեք չեն ենթարկվել վերականգնման (ռեստավրացիայի): Դրա գաղտնիքը նախշապատկերների ստեղծման ժամանակ օգտագործված հատուկ կապույտ ներկն է՝ լազուրիտը, որը պատրաստվում է Ախթալայի պղնձի հանքում և անգամ խոնավությունից երբեք չի գունափոխվում: Սա է պատճառը, որ Ախթալայի եկեղեցու որմնանկարները այլ եկեղեցիների որմնանկարներից առանձնանում են կապույտ ներկի վառ և աչքի ընկնող գունավորումով:

Հ.Գ Այս խնդրի վերաբերյալ Մշակույթի նախարարության դիրքորոշումը կներկայացնենք ավելի ուշ:

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին