▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծամորում սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով ամբողջական վզնոց, անագե զարդեր ու մեծ դամբարան են գտել

Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղիում օգոստոսի 15-ից  սեպտեմբերի 30-ը տևած հայ-լեհական համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում հայտնաբերվել են ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջանի կացարանների մնացորդներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, 12-11-րդ դդ. թվագրվող ամբողջական վզնոց` սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով, մեծ դամբարան:

«Այս տարի պեղումներն իրականացվել են քաղաքային թաղամասում և դամբարանադաշտում: Մեզ համար եզակի դեպք է, երբ քաղաքային թաղամասում հայտնաբերվում է ժամանակին ընկած և այլևս չտեղաշարժված  սարդիոնե և ոսկե ուլունքահատիկներով վզնոց (մ.թ.ա 12-11-րդ դարեր)»,-մեզ հետ զրույցում ասաց «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:

Նրա փոխանցմամբ՝  հնավայրում հայտնաբերված ոսկյա զարդեր ժամանակին պեղումների ընթացքում հայտնաբերել էին, բացառությամբ 3-ի, որոնք առաջին անգամ են հայտնաբերել.

«Դրանք գնդիկներ էին՝ մեջը դատարկ և զարդանախշված, զուգահեռներ ունենք Լոռի բերդից, ևս մեկը, որը զառի նման է, ոչ ոսկի է, ոչ արծաթ, և ամենայն հավանականությամբ ոսկու և արծաթի միաձուլվածք է»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է դամբարանադաշտին, ապա տնօրենի հաղորդմամբ՝  պեղումների ընթացքում բացվել է  բավական մեծ մի դամբարան, որտեղ 3 անգամ թաղում է կատարվել միջին բրոնզի, ուշ բրոնզի, վաղ երկաթի դարաշրջաններում.

«Միջին բրոնզի դարում (Ք.ա 18-16-րդ դարեր) կատարվել են թաղումներ, և, քանի որ  սովորություն կար սրբազան տարածքն անընդհատ օգտագործել, հավանաբար 13-րդ դարում տեսել են հարմար դամբարան, մի փոքր վերակառուցել են ու թաղում են կատարել: Անցել է ևս մի քանի 100 տարի, կատարվել է հաջորդ թաղումը: Այդ ժամանակահատվածում գանձագողություն է կատարվել, և գուցե, հարուստ դամբարանը թալանվել է: Հուղարկավորման առարկաների մեծ մասը կոտրվել է: Մենք հայտնաբերել ենք մնացորդները:

Հայտնաբերված ոսկյա զարդերն ամենայն հավանականությամբ ուշ բրոնզի դարաշրջանի են:

Գիտության համար առավել հետաքրքրականը դամբարանից հայտնաբերված շուրջ 1000 կտոր անագե զարդերն են: Քանի որ Հայկական լեռնաշխարհում անագի հանքեր չկան, դրանք բերվել են այլ տեղերից: Հայաստանում անագը  200 անգամ ավելի թանկ է եղել, քան Իսրայելի, Պաղեստինի տարածքում: Թե որտեղից է բերվել, դեռ չգիտենք: Անալիզների պատասխաններին ենք սպասում»,-ասաց արգելոց-թանգարանի տնօրենը:

Հավելենք, որ պեղումներ կկատարվեն նաև հաջորդ տարի:

Հայ-լեհական համատեղ արշավախուբը մի քանի տարի է, ինչ աշխատում  է Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Յակուբյակի և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ:

 Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին ոսկյա զարդն ու եզակի գտածո գորտի արձանիկը՝ Մեծամորում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին