▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին ոսկյա զարդն ու եզակի գտածո գորտի արձանիկը՝ Մեծամորում

Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին է գտնվում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որտեղ սկսած 1965 թ. մինչ օրս պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Գիտնականների փոխանցմամբ՝ Մեծամորը խոշոր բնակատեղի է եղել և զբաղեցրել է 10,5 հա տարածք, ունեցել է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, աստղադիտարան: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ:

Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները:

«Մեծամորում ավելի շատ անագից առարկաներ կան, քան ՀՀ մյուս հնավայրերում: Սա խոսում է Մեծամորի մետաղամշակության, առևտրական և կրոնական կենտրոն լինելու մասին: Անագը և պղինձը խառնելով իրար՝ ստանում էին լավ որակի անագային բրոնզը, որից էլ պատրաստել են ապարանջաններ, ձիերի համար նախատեսված զանգեր,-մեզ հետ զրույցում մանրամասնեց թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը:

Նրա փոխանցմամբ՝ Մեծամորում է Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին ոսկյա զարդը (Ք.Ա 4-3-րդ հազարամյակ), որը պատկանել է 6 տարեկան աղջիկ երեխայի, գտել են գանգի մոտ, եղել է մազերի համար նախատեսված ծամկալ:

Հատուկ զետեղարանում է պահվում նաև պեղավայրի դամբարանախցերից մեկում հայտնաբերված մեծարժեք եզակի գտածոն՝ մուգ շագանակավուն հիմնագույն և կաթնավուն երակներ ունեցող սարդոնիքսի բնակտորից պատրաստված գորտի արձանիկը: Այն իրանի ողջ երկայնքով միջանցիկ հորիզոնական գայլիկոնում ունի` ուլունքաշարի մեջ կամ վզնոցին հագցնելու համար: Արձանիկը կարևոր տեղեկություն է պարունակում Մերձավոր Արևելքում XVI-XV դդ.՝ մասնավորապես ոսկու, տարանցիկ առևտրի որոշ մանրամասներ վերականգնելու համար:

Գորտի մեջքին, թաթերին և որովայնի շրջանում բաբելոնյան գրելաձևով արված աքքադերեն սեպագիր արձանագրությունը հաղորդում է. «Սա 1 սիկղն է Ուլամ-Բուարիաշի, Բուրնա-Բուարիաշ թագավորի որդու»: Խոսքը մ.թ.ա. XVI դարի վերջից մինչև մ.թ.ա. XV դարի առաջին կեսին Կասսիտական Բաբելոնում իրար հաջորդած տիրակալների մասին է: «Կշռի միավորը (1սիկղ ) վերծանողները (Ի.Դյակոնով, Գ.Սարգսյան, Է.Խանզադյան) ենթադրել են, որ գորտի արձանիկ կախիկը կշռաքար է, այն կշռում է 8.64 գ, ինչն էլ, ըստ էության, համապատասխանում է միջագետքյան 1 սիկղին (սիկլ)»: Բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը:

Նշենք, որ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մուտք գործելու համար երեխաներից կպահանջվի 100, մեծահասակներից՝ 250 դրամ: 1000 դրամ էլ՝ գիդի համար: Իսկ նրանք, ովքեր արտերկրից են, մուտքի համար կվճարեն 700, իսկ գիդի համար՝ 2500 դրամ:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Այս աշխատանքներն իմ նվերներն են Հայրենիքիս

Քարահունջի առեղծվածը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին