▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճոյտը հայերի ու ադրբեջանցիների մասին նկարահանած ֆիլմը Մինսկի խմբին է ցույց տալու, որ իրենց հետ տանեն

Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, նոր ֆիլմ է նկարահանելու: Այս անգամ թեման ոչ թե Հայոց ցեղասպանությունն է, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը: Կոչվում է՝ «Մենք հարևաններ» ենք: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը որոշ մանրամասներ է ներկայացրել:

Պարոն Հակոբյան, մի փոքր կպատմե՞ք ֆիլմի մասին:

 -Ֆիլմը հայ և ադրբեջանցի հարևանների մասին է, որոնք ապրել են Հայաստանում, հետագայում՝ 1988 թվականին,  այնպես է ստացվել, որ ադրբեջանցին գնացել է Հայաստանից: Տարիներ անց՝ 2016 թվականի ապրիլին՝ պատերազմի ժամանակ, հանդիպում են նրանց թոռները, որոնց միջոցով հետո հեռախոսներով միմյանց հետ կապ են հաստատում նախկին հարևանները: Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ: Այսինքն, խնդիրը դեռ լուծված չէ: Աշխարհը պետք է նայի ու տեսնի, որ խաղաղության կողմնակից ենք: Այն կթարգմանենք նաև ադրբեջաներեն ու ռուսերեն:

Նկարահանումներն որտե՞ղ են իրականացվելու:

-Հայանիստ գյուղում: Այստեղ են ապրել հայն ու ադրբեջանցին: Ամենաուշը սեպտեմբերի մեկին պատրաստ կլինի:

Մեկ ամսում եք նկարելո՞ւ: 

-Արդեն մեկ տարի է՝ աշխատում ենք այդ ուղղությամբ: Հիմա վերջնական փուլում ենք գտնվում:

Դերասանական կազմն էլ  է ընտրվա՞ծ:

-Սկսել են ընտրել: Հիմա մասնագետները փորձեր են անում, թե ով ոնց կարող է մեր պատկերացրած սցենարն իրականացնել: Բոլորը մեր թատրոնների դերասաններն են, որևէ մեկին դրսից չենք բերել: Որպես սցենարի հեղինակ պետք է տեսնեմ՝ իմ պատկերացրածը կարող ենք իրենք: Մնացածը մասնագիտական է: Միայն ասեմ, որ ադրբեջանցի հարևանի դերում Ռազմիկ Խոսրոևն է լինելու: Հենց տեսա՝ հասկացա, որ այս դերում նա կարող է հանդես գալ:

Ասացիք, որ ֆիլմում թոռները որպես բարեկամներ են հանդիպում: Այսինքն, հավատո՞ւմ եք, որ  հայերի ու ադրբեջանցիների միջև  բարեկամություն կարող է լինել:

-Ես մարդկանց հիշեցնում եմ այդ մասին: Եթե ուզում եք ճիշտ իմանալ, ապա իմ ցանկությունն է, որ խաղաղ լուծվեն մեր խնդիրները: Կարծում եմ՝ ոչ թե զենքին պետք է զոռ տանք, այլ քաղաքականությանը: Կարծում եմ՝ շատ ճիշտ ենք հիմա վարում մեր քաղաքականությունը:

Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն:

-Ինչքան որ կպահանջի ֆիլմի նկարահանման ողջ ընթացքը՝ որակով ու բարձր աստիճանի տեխնիկայով, մասնագետներով:

Նախկին ֆիլմը Ձեզ դաս չեղա՞վ, բազում քննադատություններ եղան:

-Ոչ, որևէ քննադատություն այնտեղ չկար: Մարդիկ իրենց պատկերացումով են նայում: Չմոռանանք, որ գեղարվեստական ֆիլմն ինքը կարող  է հորինված, սուտ լինել: Իսկ քննադատողները չեն էլ ուսումնասիրել, թե ի՞նչ բան է  գեղարվեստական ֆիլմը: Եթե նայում ենք ամերիկյան ֆիլմերը, որտեղ նախագահին պատանդ են վերցնում, ծեծում են, հո դա իրական չէ: Կամ այլմոլորակայինները գալիս-գնում են, դա յուրաքանչյուրի պատկերացումն է:

Այս ֆիլմով աշխարհին ցույց ենք տալու, որ խաղարարար ու քաղաքակիրթ ժողովուրդ ենք, պատերազմ չենք ցանկանում: Ուզում ենք խաղաղ լուծվի կոնֆլիկտը:

Տարածքներ տալով:

-Չէ, ինչո՞ւ: Մեր քաղաքականությունը ճիշտ են վարում, պետք է վստահել քաղաքական մեծամասնությանը: Մենք տարածք չենք տվել ու չենք էլ պատրաստվում տալ:

Չէ՞ր կարելի ֆիլմի փոխարեն գումարը հատկացնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինվորներին, կամ զոհվածների ընտանիքներին:

-Ես կարծում եմ, որ ֆիլմը ավելի մեծ հոգևոր սնունդ է մեր ազգին: Աշխարհին ցույց ենք տալու, որ այս ազգն ենք, քան թե մեկ, երկու, երեք կամ ամսվա համար դրամ ու սննդամթերք տաս, որ ուտի: Սա մնայուն արժեք է:

Ասենք՝ գումար փոխանցեիք նրանց բուժման համար:

-Դե դա թող ուրիշ մարդիկ անեն: Կան բժիշկներ, ուրիշ մասնագետներ: Հիմա մենք սրանով ենք փորձելու օգուտ տալ մեր ազգին: Սա խաղաղության մասին ֆիլմ է, շատ հետաքրքիր պահեր ունի:

Այս խաղարարար ֆիլմը եվրոպացիներին շատ դուր կգա: Մերոնք տարբեր կարծիքներ կունենան, իսկ դրսի կարծիքներն ես արդեն տեսնում եմ: Դրանք դրական են լինելու: Ամեն ինչ կանենք, որ այս ֆիլմը Մինսկի խումբը նայի, նրանց համար ցուցադրություն կկազմակերպենք, որ այդ վիճակն ու տրամադրությունը իրենց հետ տանեն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին