▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչ հանձնաժողովը ՊՆ-ին ցանկ է փոխանցել. հայտնի է՝ երբ կհրավիրեն Սերժ Սարգսյանին

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս Աղվերանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կազմակերպած միջոցառումներից մեկի ժամանակ ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հայտարարել էր, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով:

Մնում է պարզել, թե երբվանից է սկսվում այդ 40 տարվա հաշվարկը՝ 2018թ. մայիսի 8-ի՞ց, դեկտեմբերի 9-ի՞ց, թե՞ հայտարարության պահից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Իրավունք» թերթը գրում է. «Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:

Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել՝ սելֆի Պյոտր Տոլստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակությանղ եկավարն է, եւ որի հետ սելֆի էր արել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին:

Սա այն բանից հետո,  երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին:

Թե արդյոք քաղաքագետը Պ. Տոլստոյի հետ խոսել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց Մ. Հովսեփյանից.

«Նախ ասեմ, որ իմ եւ Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռեւս մի քանի տարի առաջ եւ հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի եւ չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը: Ամեն դեպքում, հասցրեցի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե՝ ոչ  կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Նոր Հայաստանում պաշտոնանկությունները հասունանում են գրեթե նույն սցենարով. սկզբում կոնկրետ պաշտոնյայի դեմ համապատասխան համատեքստ են ձեւավորում առանձին պատգամավորներ, ստեղծվում են համապատասխան հասարակական տրամադրություններ, հետո վարչապետն ասում է իր խոսքը։

Համենայն դեպս, մոտավորապես այս սցենարով են պաշտոնանկ արվել Դավիթ Սանասարյանը, Արտակ Զեյնալյանը, ու տպավորություն կա, որ կարծես օղակը սեղմվում է ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ։ Գոնե ոմանք նման ցանկություններ ունեն:

Խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը, որ վերջին շրջանում հրապարակային ակտիվությամբ աչքի չի ընկնում, նախօրեին հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ։ «Շաբաթ օրը Ամուլսարի պաշտպանության նախաձեռնության անդամները կազմակերպել էին դրամահավաք, եւ ոստիկանությունը, չգիտես ինչու, որոշել էր նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանին խարդախության կասկածանքով տանել ոստիկանություն եւ շուրջ երեք ժամ պահել այնտեղ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Լենա Նազարյանը

«Առհասարակ արդեն շատ վաղուց Հայաստանում քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների կողմից դրամահավաքների կազմակերպումն ընդունված ու շատ նորմալ պրակտիկա է: Եթե նախաձեռնությունը ճանաչված է, քաղաքացիները վստահում են ու պատրաստ են իրենց դրամն ինքնակամ նվիրաբերել, ու դա արվում է հրապարակային միջոցառման ժամանակ, ապա ես չեմ պատկերացնում, թե ի՞նչ խարդախություն կարող է այդտեղ լինել, ու ի՞նչ փաստաթղթեր ու թույլտվություններ են պետք ներկայացնել եւ ո՞ւմ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմիցս իրականացրել է հանրային դրամահավաքներ, ու երբեւէ դրա մասին իրազեկում չի արվել քաղաքապետարան կամ այլ տեղ: Ուղղակի տարակուսում եմ, թե ինչո՞ւ ոստիկանությունում այս հանրահայտ իրողությունը ընկալելի չէ, եւ ինչո՞ւ են քաղաքացիները տարվում ու պահվում օրենքով չարգելված գործունեության համար: Հուսամ՝ նման անհիմն խոչընդոտներ այլեւս չեն լինի»,- գրել է խորհրդարանի փոխնախագահը:

Համաձայնենք՝ խորհրդարանի փոխնախագահը բավականին խիստ գնահատականներ է հնչեցրել ոստիկանության գործողությունների մասով, ու այնպիսի տպավորություն է, որ այս պարագայում ներիշխանական հակասությունները բազմաշերտ են ու ավելի խորքային բնույթ ունեն։

Մի կողմից թիրախավորվում է Վալերի Օսիպյանը, ով վերջին շրջանում քննադատության կիզակետում է տարբեր առիթներով՝ հաճախակի դարձած ՃՏՊ-ներ՝ մահաբեր ելքերով, հանրապետությունում արձանագրված աղմկոտ միջադեպեր՝ սպանության ել քով, եւ այլն։ 

Լենա Նազարյանը բարձրաձայնում է այն, ինչի մասին շշուկով խոսում են նաեւ իշխանության վերնախավի մի մասում՝ Օսիպյանի գործողությունները համարժեք չեն, ու նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Մյուս կողմից՝ ոստիկանապետը տակավին վերջերս ստացավ գեներալական ուսադիրներ, ինչը ենթադրում է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե առժամանակ ոստիկանությունում կադրային փոփոխություն անելու անհրաժեշտություն չի տեսնում։

Գուցե Լենա Նազարյանի փոքրիկ «ընդվզումը» հենց արձագանք է Օսիպյանի գեներալական կոչմանը։

Դժվար է միանշանակ պնդումներ անելը, սակայն իմ նախորդ հոդվածներից մեկում կանխատեսել էի, որ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո թիրախավորվելու է հենց Օսիպյանը՝ օբյեկտիվ ու հատկապես սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներով։

Մյուս կողմից՝ Նազարյանի գրառումը բացահայտում է ներիշխանական հակասություն ավելի խորքային խնդրի շուրջ։ Ամուլսարը մնում է այն խնդիրը, որը երկշերտ իրականություն է բացահայտում։ Դա մի կողմից իշխանության անկարողությունն է՝ լուծում գտնել այս կարեւոր հարցում, մյուս կողմից՝ Ամուլսարի հարցում ներիշխանական հակասությունների առկայությունը։ Լենա Նազարյանը բնապահպաններին գրեթե նույնացնում է ՔՊ-ի հետ՝ անուղղակիորեն համերաշխվելով նրանց պահանջներին, ոստիկանության գործողությունների հետեւում թերեւս կանգնած է իշխանության այն թեւը, որն Ամուլսարի շահագործման կողմնակից է՝ Հայաստանի ներդրումային գրավչության խնդիրը կարեւորելով «մարգինալ» ակտիվիստների դեմ պայքարի համատեքստում։

Նման հարցերում Օսիպյանը հաստատապես ինքնուրույն չի կարող գործել, սակայն սա այն դեպքերից մեկն է, որը նրան կարող է դարձնել ներիշխանական հակասությունների կամ կոմպրոմիսների զոհ։

Համենայն դեպս, Լենա Նազարյանի գրառումը խոսում է ներիշխանական նոր հակասությունների մասին, որոնք վաղ թե ուշ ինտրիգային զարգացումներ են ունենալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնվեց բավական ոչ շահեկան վիճակում։ Միանգամից հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնցով անցնում է հենց Աբրահամյանը։ Հարուցված և չհարուցված գործերը ենթադրում են նաև հսկայական գումարների վերադարձ։

Մամուլը դեռ ամիսներ առաջ էր գրել, որ Աբրահամյանը սկսել է բիզնեսի մի մասը վաճառել։ Նախ գրվեց «Արտֆուդ»-ի իրենց մասնաբաժնի վաճառքի մասին, ապա Արտաշատ քաղաքում ունեցած այլ գործարանների, գազալցակայանների ու շենք-շինությունների վաճառքի մասին։

Օրերս էլ մենք նկատեցինք, որ Հովիկ Աբրահամյանի Ձորաղբյուր գյուղում գտնվող առանձնատան վրա է փակցված «Վաճառվում է» ցուցանակը։ Ի դեպ, այս առանձնատունը Մոնումենտում գտնվող ԱԺ-ի նմանությամբ կառուցված առանձնատան փոքր տարբերակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մամեդյարովի հետ վաշինգտոնյան հանդիպման թանաքը դեռ չչորացած` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փութացել էր Արցախ, դիվանագիտական չափանիշներով բավականին երկար` եռօրյա այցով: Ինչպե՞ս եք գնահատում արցախյան կողմի հետ բանակցությունները՝ հարցրինք նրան։ «Շատ արդյունավետ` թե՛ մեր դիրքորոշումների գնահատման, թե՛ երկխոսության, բոլորով գործընթացին ներգրավված լինելու առումներով»:

Կապ ունե՞ր արցախյան այցը վաշինգտոնյան բանակցությունների հետ։ «Բոլոր այս կարգի շփումները կապ ունեն խաղաղ գործընթացի հետ, սա բացառիկ չէր, մենք մշտապես միմյանց հետ շփվում ենք` դա լինի այցերով, հեռախոսազրույցներով, մշտապես միմյանց ներգրավված ենք պահում գործընթացին»:

ԼՂ նախկին արտգործնախարար (1996-1997 թթ.՝ Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ)  Կարեն Միրզոյանի ներգրավվելը հայկական կողմից` բանակցային ֆորմատի մեջ, փորձագիտական շրջանակների մոտ տարակուսանք առաջացրեց, ըստ որի` դրանով հող է նախապատրաստվում ադրբեջանական «ղարաբաղյան համայնքի» ներգրավման համար։ «Եզրակացությունների որեւէ կարիք չկա այդ առումով, որովհետեւ պարոն Միրզոյանն ունի տարբեր գործառույթներ, որոնք պետք չէ կապել Ձեր մատնանշած գործընթացի հետ»:

Իսկ Ձեր հաջորդ հանդիպումը Մամեդյարովի հետ ե՞րբ է լինելու։ «Կհայտարարենք, ինչպես ընդունված է` միաժամանակ, նույն օրը»: Շուտ-ուշ, որտե՞ղ։ «Ես իրավունք չունեմ ասելու, եթե մի փոքր վերլուծեք, կարող եք կռահել»: «Վերլուծեցինք» եւ գտանք` ՄԱԿ-ի ասամբլեա, Նյու Յորք` սեպտեմբեր։ Լռությունը համաձայնության նշա՞ն է։ Զ. Մնացականյանը լուռ ժպիտով նստեց ավտոմեքենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` երեկ խորհրդարանում կրկին տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստ:

Ըստ մեր տեղեկությունների` նիստերը տեղի են ունենում խորհրդարանում նախատեսված հատուկ սենյակում, որը ստեղծվել է քննիչ հանձնաժողովի նիստերն անցկացնելու համար, «ժուչոկներից» հեռու մի վայր:

Նույնիսկ նիստից առաջ հավաքում են բոլոր այն պատգամավորների հեռախոսները, որոնք մասնակցում են հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի «ուտեչկաներ» չլինեն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց դռնփակ նիստից որոշ մանրամասներ իմանալ:

Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` հանձնաժողովն արդեն ՀՀ պաշտպանության նախարարություն է ուղարկել այն մարդկանց անունների ցանկը, որոնք առաջիկայում պետք է ներկայանան ԱԺ:

Մեր տեղեկություններով` ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հրավիրյալների ցանկում վերջինների թվում է: Ի դեպ, քննարկվել է, որ հրավիրյալների ցանկը չի շրջանցելու նաեւ Արցախը. կհրավիրվեն պատկան մարմինների ներկայացուցիչներ` ավելի հասկանալի եւ պարզ տեղեկատվություն ունենալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի քաղաքական էլիտայում առաջիկա ամիսներին երկու խոշոր «իրադարձություն»` հարսանիքներ կլինեն. օգոստոսին կամուսնանա ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի քրոջ` Մանեի հետ։ Նորապսակները կմեկնեն Իտալիա:

Իսկ սեպտեմբերի 7-ին տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը` «Փարավոն» ռեստորանային համալիրում: Ի դեպ, ռեստորանային համալիրն այդ առիթով վերանորոգվում է, մեծ բեմ են պատրաստում՝ նորապսակների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է այն մասին, որ նախաքննական մարմինները մի շարք աղմկահարույց քրեական գործեր քնեցրել են քննչական բաժիններում եւ կոնկրետ գործողություններ չեն կատարում:

Ըստ իրավապահ համակարգում տարածված տեղեկությունների` կա՛մ իրավապահները գործը գաղտնի են քննում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով անցնող մեղադրյալները պատրաստ են վերականգնել պետության վնասը եւ անաղմուկ «հեռանալ», կա՛մ կոնկրետ քրեական գործերով հայտնի պաշտոնատար անձինք երկրում չեն, եւ նրանց փնտրում են: Ահա հենց այսպիսի իրավիճակներն էլ քննիչներին կանգնեցրել են խնդրի առջեւ, եւ չգիտեն` կասեցնեն, թե կարճեն հարուցված գործերը:

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս հանդիպում է ունեցել նախաքննական մարմինների ղեկավարների հետ եւ նրանց հորդորել հանձնարարականներ տալ քննչական վարչությանը, որպեսզի ի մի բերեն իրենց վարույթներում գտնվող քրեական գործերը ու կոնկրետ որոշումներ կայացնեն:

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո մեծ շուքով հայտարարվեցին մի շարք հանցանքների մասին, սակայն հիմա դրանց բացահայտումները ուղղակի դարձել են պատուհաս քննիչների գլխին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատախազի հանդիպման մասին տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան` հայտնեցին. «Նախաքննական մարմինների ղեկավարների հետ ՀՀ գլխավոր դատախազի որեւէ տեսակի փակ կամ գաղտնի հանդիպում չի եղել, եւ այդ մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Սակայն տարբեր ձեւաչափերով ՀՀ գլխավոր դատախազի եւ նախաքննական մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ հսկող դատախազի եւ քննիչի կողմից կոնկրետ քրեական գործերի համատեղ քննարկման ժամանակ մշտապես բարձրացվում է ինչպես քննչական եւ դատավարական գործողությունների ամբողջությունն ապահովելու, այնպես էլ քննությունները ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտության հարցը:

Ըստ անհրաժեշտության` այդ նպատակներով կիրառվում են նաեւ դատախազական ներգործության համապատասխան միջոցներ»: Այսպիսով, հաստատվեց մեր տեղեկությունը՝ քննվող գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությամբ թելադրված հանդիպման մասին: Մնում է` սպասենք արդյունքների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին