▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ռուսական շուկայում անելիք չունի.Տնտեսագետը բացում է փակագծերը

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր «հատուկ տնտեսական պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Այն, կարծես թե իրականացավ.թուրքական ապրանքը քիչ-քիչ անհետանում է ռուսական շուկայից:

«Վերջին շրջանում շատ կարծիքներ են հնչում  ռուս-թուրքական հակամարտության վերաբերյալ: Թվում է, թե մինչև Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումը  այդ երկու երկրների հարաբերություններն անամպ էին, բայց իրականում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին:

Իսկ դրանք առաջացան հատկապես այն ժամանակ, երբ Արևմուտքը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսասատնի դեմ»,-համոզված է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այսպիսով Թուրքիան կորցնում է սպառողական ապրանքների, շինարարական ծառայություններ մատուցելու շուկաները, ռուս զբոսաշրջիկներին, որոնք 12 տոկոս էին կազմում:

Ռուսասատանն էլ կորցնում է թուրքական գազի շուկան.

«Բայց պետք է նշել, որ Թուրքիան նախատեսել էր մինչև 2018 թվականը ընդհանրապես Ռուսաստանի էներգակիրներից չօգտվել  ու դրա համար բանակցություններ էր սկսել վարել Քաթարի հետ»,-նկատեց  Աշոտ Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է պարենմթերքին, ապա դրա արտահանումը Ռուսաստան, տնտեսագետի խոսքով,  այդքան էլ մեծ թիվ չի կազմում.

«2014 թվականին եղել է 1.2 միլիարդ դոլար, այս տարի կրճատվել է 40 տոկոսով: Հիմնականում մի քանի արտադրակտեսակներ են.տոմատի մածուկ, ցիտրուսներ և այլն»:

Խոսակցությունները, թե ՀՀ-ն կարող է շահել ռուսական շուկայում թուրքական բանջարեղենի ու մրգերի էմբարգոյի հետևանքով, Աշոտ Եղիազարյանը  հիմնավորված չի համարում.

«Սկսենք տրանսպորտից.Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը գրեթե միշտ փակ է լինում, անմրցունակ է մեր երկաթուղին, օդային տրանսպորտը:

Հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ: Այստեղից հետևություն, որ հայկական պարենմթերքը անմրցունակ է դառնում ռուսական շուկայում ու դրա հետ հույսեր կապել պետք չէ: Ռուսական շուկայում արժեզրկված է ռուբլին: Հայաստանը ռուսական շուկայում հեռանկար չունի:

Դեպի Ռուսաստան մեր արտահանումը 2014 թվականին հասել էր գագաթնակետին, արտահանվել է մոտ 5-6 միլիոն դոլարի բանջարեղեն, 15-20 միլիոն դոլարի միրգ, մոտ 17 միլիոն դոլարի էլ պահածո: Դա շատ մեծ ծավալ չէ: Մենք գիտենք, որ ՀՀ գյուղատնտեսությունը շատ մեծ հնարավորություն չունի, այն արտադրողական չէ, կապված է նաև բնակլիմակայական պայմաններից: Դրան ավելացել են այն հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն ռուսական շուկայում»:

 Տնտեսագետը նշեց նաև, որ գլոբալ առումով ՀՀ-ն շահում է.

«Երկու երկրներն էլ թուլանում են: Թուրքիան ավելի վերահսկելի ու կառավարելի է դառնում Արևմուտքի կողմից, այդ երկիրը առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտ  ունի: Ռուսաստանն էլ տնտեսապես կշարունակի թուլանալ ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ բացը կարելի է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցմամբ: Հայաստանի համար կարևոր է Եվրոպական շուկա դուրս գալը, իսկ Թուրքիայում դա գիտակցել են: Ռուսական շուկան անհեռանկար է ու մեծ ռիսկեր է պարունակում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին