Այսօր՝ հուլիսի 1-ին, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ Հայաստանում ցանկանում են վերացնել «աղետի գոտու շահառու» հասկացությունը, ինչի արդյունքում այդ գոտու բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը կհատկացնի 3 միլիարդ դրամ.

«Նախատեսվում են 2021 թվականը դիմավորել առանց «աղետի գոտու շահառու» հասկացության: Կառավարության որոշման համաձայն՝ 2008-2020 թթ․ պետք էր 5396 ընտանիքի տեղավորել բնակարաններում: 2008-2017 թթ․ ապահովվել է 4839 ընտանիք, և պետական բյուջեից դրա համար ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ: 2018 թվականին բյուջեից հատկացվել է 460 միլիոն դրամ, և ապահովվել է բնակարանով 44 ընտանիք: 2019 թվականի բյուջեով նախատեսված է 560 միլիոն դրամ և 60 ընտանիք»,- հայտարարեց Վերմիշյանը:

Նրա խոսքով՝ վարչապետի հանձնարարականով, որպեսզի մինչև 2020 թվականը մնացած 453 ընտանիքն ապահովվի բնակարանով, պետք է հատկացվի 3 միլիարդ դրամ:


