▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

25 տարի անց զոհված անձանց փոխարեն ծնվել են նրանց անուններն ու հիշատակը ապրեցնող մանուկներ.«Ժառանգություն»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում, Վանաձորում եւ Արթիկում այցելել եւ կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի անունից, կուսակցական կառույցների կողմից ծաղկեպսակներ են դրել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին:
Երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ կուսակցության վարչությունը հանդես է եկել ուղերձով:

«Ժառանգության» ուղերձը

 1988-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ

25 տարի առաջ այս օրը, 1988-ի դեկտեմբերի 7-ին, հյուսիսային Հայաստանին պատուհասած երկրաշարժը վայրկյանների ընթացքում տարիների ու տասնամյակների չամոքվող վիշտ ու ավերածություն պատճառեց մեր երկրին: Հաշված րոպեների ընթացքում հողին հավասարվեցին գյուղեր, ավերակվեցին քաղաքներ, զոհվեցին քսանհինգ հազար մեր հայրենակիցներ, խեղվեցին անհաշիվ մարդկային ճակատագրեր:

25 տարի անց զոհված անձանց փոխարեն ծնվել են նրանց անուններն ու հիշատակը ապրեցնող մանուկներ, ավերակների փոխարեն բարձրացել են շենքեր, մասամբ վերածնվել է մշակութային, գիտական, հասարակական կյանքը, սակայն մեր առօրյայից չի վերացել աղետի գոտի հասկացությունը:

Հայաստանի Հանրապետությունը եւ նրա հաջորդական կառավարությունները 25 տարում ի զորու չեղան երկրաշարժի էջը շրջել, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Արթիկը, Մարալիկը, Ստեփանավանը, մնացյալ մեր բնակավայրերը վերադարձնել իրենց երբեմնի ծաղկուն օրերին: 

Ցավոք, իշխանությունները ի զորու չեն անգամ հանդուրժելի կենսապայմաններ ապահովել, որպեսզի աղետի գոտու մեր բնակիչները արտագնա աշխատանքի չմեկնեն, ինչն ավելի ցավալի է` չարտագաղթեն: 

Այսօր խորնարհվելով երկրաշարժի հազարավոր զոհերի հիշատակի առջեւ` ամենից ավելի կցանկանայինք, որ այդ էջը շրջված լիներ, սակայն ցավոք, երկրաշարժի ավերակները դեռ տեսանելի են, վերապրողները դեռ սատարման կարիք ունեն, բարեկեցության եւ զարգացման մասին դեռ վաղ է խոսել: 

Միայն շնորհիվ իր տոկունության եւ ուժի` մեր ժողովուրդը կարողացավ պետության կաղացող աջակցության պայմաններում վշտի ու ավերածություններին միջից վեր հառնել: Փառք առօրյա հերոսության օրինակներ տվող նրա զավակներին եւ հավերժ հիշատակ ու անդորր ննջեցյալներին:

 

«Ժառանգություն» կուսակցություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее