Նոյեմբերի 10-ին, «PMI Science» գիտահետազոտական կենտրոնում Հայաստանի լավագույն 10 ասպիրանտներին շնորհվեց սերտիֆիկատ՝ իրենց հետազոտական աշխատանքներին աջակցելու նպատակով։
«Այստեղ մարդիկ են, ովքեր որոշել են մագիստրոսական ծրագրերից հետո զբաղվել ֆունդամետալ գիտությամբ։ Եվ այս պարագայում ցանկացած ընկերության, Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար պատիվ է, որպեսզի բացի լինեն նրանց աջակցելու համար։ Այսօր իրենք են կերտում իրենց հաջողությունը, և մեզ մնում է միայն աջակցել։
Հայաստանի լավագույն 10 ասպիրանտական ուսանողները ներկայացնում են լավագույն ծրագրերը, որոնք իրենց հերթին ներկայացնում են անկախ գիտական խորհուրդ։ Մենք ընդամենը օգնում ենք այս աղջիկներին և տղաներին շարունակել իրենց աշխատանքը, որովհետև նրանք այն մարդիկ են, որոնք համալրելու են մեր գիտահետազոտական ինստիտուտները, զբաղվելու են ֆունդամենտալ գիտությամբ, և այդ թվում «PMI Science» գիտությունը օգտվելու է նրանց աշխատանքի աջակցմամբ։ Կարծում եմ՝ սա միայն պատիվ և խանդավառություն է բերում»,- լրագրողների հետ զրույցում նշեց PMI գիտության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը։

Այս ծրագրում հաղթող 10 ասպիրանտները հնարավորություն են ստանում իրենց հետազոտական աշխատանքների մշակման շրջանակներում աշխատել միջազգային առաջատար փորձագետների և մենթորների հետ, ինչպես նաև մեկ տարի շարունակ ամսական ստանալ 370000 ՀՀԴ կրթաթոշակ։
Խոսելով ծրագրի մասին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն ասաց․
«Այս ծրագրի շրջանակներում մեր ասպիրանտներից մեկը ստացել է հետազոտական դրամաշնորհ, որով իրականացնելու է կենսաինֆորմատիկայի հետազոտություններ՝ ուղղված Covid-ի մեխանիզմի պարզաբանմանը, ինչպես նաև որոշակի ուղղությունների զարգացման մեխանիզմների հետազոտման համար։
Այս ծրագիրն ունի մի քանի կարևոր առավելություններ, որոնցից առաջինն ասպիրանտին հետազոտական դրամաշնորհներ ձևակերպել սովորեցնելն է, այսինքն՝ իրենց մտքերը ձևակերպել հետազոտական դրամաշնորհի տեսքով։ Սա, բնավ, հեշտ գործ չէ։ Սա կարելի է սովորել միայն պրակտիկայի միջոցով, և ըստ այդմ՝ PMI-ը նրանց նմանատիպ շրագրեր գրելու համար շատ լավ փորձ է ապահովում, ինչպես նաև այն իրականացնելու։ Բացի դրանից, դրամաշնորհ ստանալը ևս մեկ ազդակ է, որ այն ինչով զբաղվում է ասպիրանտը, շատ կարևոր է, ունի գիտական արժեք և կարող է բերել հետաքրքիր գիտական արդյունքի։ Սա, առնվազն, ոգևորիչ է։ Հենց նմանատիպ նախաձեռնություններն են, որ ասպիրանտներին պահում են գիտական ոլորտում՝ թույլ տալով շարունակել իրենց գործունեությունը և հասնել ինչ-որ կարևոր արդյունքի»։
Պրոդուկտների եւ տեխնոլոգիական պրոցեսների գծով փոխնախագահ Լուկա Ռոսսին, խոսելով ծրագրի մասին, ասաց․ «PMI-ն ինքն է փոխակերպում ընկերությունը, իսկ մենք վերափոխվում ենք տեխնոլոգիական ընկերության: Եւ ակնհայտ է, որ մենք պետք է ներդրումներ կատարենք տեխնոլոգիայի մեջ, մենք պետք է ներդրումներ կատարենք գիտության մեջ։ Մենք այստեղ էինք 2018 թվականին, գտանք լավ աղբյուր տեխնոլոգիայի և գիտության համար: Ուստի մենք ներդրումներ ենք կատարել այս գիտահետազոտական կենտրոնում, այս գեղեցիկ կենտրոնում, ներդրել ենք գիտնականների, գիտական նախագծերի մեջ։ Ակնհայտ է, որ գիտությունն ու տեխնոլոգիաները երկրի կյանքի հիմքն են, երկրի տնտեսական ներուժը։ Այսպիսով, դա ձեռնտու է PMI-ի համար, քանի որ մենք պատրաստվում ենք օգտագործել նախագծեր և նոր լուծումներ, որոնք օգուտ կբերեն մեր հաճախորդներին, բայց դա նաև ձեռնտու է երկրի համար։ Եթե մենք ձևավորենք և ստեղծենք ապագա գիտնականներին, նրանք կստեղծեն ստարտափներ, նոր ընկերություններ, ծառայություններ, որոնք կխթանեն տնտեսությունը և նաեւ թույլ կտան նրանց աշխատանք տրամադրել երիտասարդ գիտնականների համար և մնալ Հայաստանում և, հնարավոր է, նաեւ Հայաստանից դուրս գտնվողներն էլ մոտիվացիա ունենան վերադառնալ Հայաստան, վերալիցքավորեն տեղական գիտությունը եւ տեխնոլոգիաները»:
Իսկ «PMI Science»-ի կողմից սերտիֆիկատ ստացած Լիանա Վանյանը, ով ԵՊՀ-ի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի Կենսաքիմիա մասնագիտության 1-ին կուրսի ասպիրանտ է և ով ուսումնասիրում է մանրէներում նյութափոխանակության գործընթացը, նշեց, որ այս աջակցության շնորհիվ նոր մոտիվացիա է ձեռք բերել․
«Լինելով այն տարիքում, երբ մեծ ցանկություն ունես ինչ-որ հետազոտություններ անել և որևէ միջոցի չբավարարելը կարող է ընկճել քեզ, «PMI Science»-ի աջակցության շնորհիվ հնարավորություն ես ստանում և հետազոտությանը օժանդակող նյութեր ձեռք բերել, և թե նոր մոտիվացիա ստանալ ՝ հետազոտությունն ավելի ոգևորված, ճիշտ ժամանակահատվածում անելու համար»,- ասաց «PMI Science»-ի կողմից սերտիֆիկատ ստացած Լիանա Վանյանը, ով ԵՊՀ-ի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի Կենսաքիմիա մասնագիտության 1-ին կուրսի ասպիրանտ է և ով ուսումնասիրում է մանրէներում նյութափոխանակության գործընթացը։
Նշենք, որ ծրագրին կարող են դիմել հետևյալ ոլորտներում հետազոտական աշխատանքների վրա աշխատող ասպիրանտները՝
Նյութագիտություն, կայուն նյութեր, մագնիսական հատկություններով նյութեր
Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ
Ջերմային ու ջերմահաղորդիչ տեխնոլոգիաներ
Նեյրոգիտություն, սենսորային փորձառություն, սենսորային տեխնոլոգիաներ
Աերոզոլային գիտություն և տեխնոլոգիաներ
Բուսաբանություն և թունաբանություն
Կիրառական ու փորձարարական ֆիզիկա
Ինժեներիա, արդյունաբերական և համակարգային ինժեներիա, էլեկտրոնային ինժեներիա, նախատիպավորում
Մաթեմատիկա, մաթեմատիկական մոդելավորում, տվյալագիտություն
Վերլուծական քիմիա:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել ՀՀ-ում գործող հետազոտական հաստատությունների կամ համալսարանների ասպիրանտ, ինչպես նաև ներկայացնել հետազոտական աշխատանք, որը վերաբերում է վերը նշված ոլորտներին։


