Հաջորդ տարի 50 մլրդ դրամով ավելանալու են հարկային եկամուտները տնտեսության զարգացման և հարկային վարչարարության հաշվին:

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
«Հարկային մարմինները ոչ ոքի չեն «նեղելու», հարկային վարչարարությունն իրականացվելու է կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Այն հարցին, թե նախկինում ՊԵԿ նախագահն ասել էր, որ եթե վարչապետը գոհ չլինի, ապա ինքը հրաժարական կտա, հիմա Նիկոլ Փաշինյանը գո՞հ է, թե՞ դժգոհ, ՊԵԿ նախագահն ասաց.
«Եթե դուք երեկ ԱԺ ամբիոնից վարչապետի պաշտոնակատարի ելույթը լսել եք, ինքը շատ հստակ շեշտադրումներ արեց, որ հոկտեմբերին մենք ունեցել ենք հարկային պատմության մեջ աննախադեպ մուտքերի ծավալ և այդտեղ նա գնահատեց հարկ վճարողի ու հարկային մարմնի արդյունավետ աշխատանքի արդյունքը: Մի կողմից կա իրավագիտակցության բարձրացում, մյուս կողմից էլ հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում: Եթե դա ԱԺ ամբիոնից է հնչեցվում, ի՞նչ եք կարծում՝ դա գոհունակությա՞ն, թե՞ փնովման խոսք էր»:


