▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

70 տարի որպես մուսուլման ապրած հայը վերադարձել է իր ակունքներին

Հայաստանում են Դերսիմի հայերը: Նրանք  եկել են  ներկայացնելու   «Հոգու անարատ վիճակը» ֆիլմը, որը պատմում է 70 տարի իսկական ալևիական կրոնով ապրած  Հարություն Իրեսի մասին, ով այս տարիքում վերադարձել է իր հայկական արմատներին: Ֆիլմի ռեժիսորը Իրեսի թոռն է՝ Ուղուր Էգեմեն Իրեսը:

«Այս ֆիլմը հիմնված է պապիկիս ու տատիկիս վեճերի հիման վրա: Վեճերի ժամանակ տատիկս պնդում էր, որ մեր ընտանիքը որպես թուրք, մուսուլման է ճանաչված:Եվ, քանի որ պապիկս մկրտվել էր, տատս ասում էր, որ չպետք է խոսի ու բացահայտի մեր հայ լինելը: Տատիկիս այս հիվանդագին վիճակը 10-յակ տարիներ շարունակվեց: Նա մեզ էլ էր անընդհատ փորձում համոզել, որ թուրք ենք: Սակայն կա իրականություն, որն իր մեջ հիշողություն է պարունակում, ուստի որոշեցի վավերագրական ֆիլմ նկարել: Երկու տարի համոզեցի, որ պապս պատմի իր հուշերի մասին: Այս ֆիլմը ընտանեկան պատմությունն է ներկայացնում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուղուր Էգեմեն Իրեսը:

Շարունակելով թոռանը՝ Հարություն Իրեսը պատմեց. «Ապրել ենք Դերսիմում, իսկ 1938 թվականին մեզ աքսորել են Քյութահիա, հետո կրկին վերադարձել ենք Դերսիմ: Երբ տեսնում էի աղոթող հորս ու մորս, հարցնում էի, թե ի՞նչ են անում, նրանք ինձ ասում էին, որ իմ գործը չէ: Հետո, երբ գնացինք դպրոց, սկսեցին ասել, որ մենք հայ ենք: Դպրոցից տուն էինք գալիս, ու տատիկին հարցնում, թե նրանք ի՞նչ են խոսում, հայն ի՞նչ է: Կրկին ասում էին, որ չխառնվենք այս գործերին: 5-րդ դասարանը չավարտած՝ դպրոցից դուրս եկա, սկսեցի աշխատել: Կար ու ձև էի անում, բայց ուր որ գնացի՝ ասում էին հայ են, հայ: Հետագայում տեղափոխվեցինք Ստամբուլ: Այնտեղ ավելի հանգիստ էր: Քանի որ արդեն գիտեի ողջ պատմությունը, այն, թե ինչպես են դաժան կերպով սպանել հայերին, ինչպես ենք մենք թաքնվելով փրկվել, գնացի եկեղեցի, մկրտվեցի ու այդ մասին որդիներիս, թոռներիս ասացի: Նրանք էլ քիչ-քիչ վերադառնում են իրենց ինքնությանը»:

Ներկաները փաստում են՝ իրենց վրա կա հասարակական ճնշում ու անգամ ընտանիքներում են խնդիրներ առաջանում:

Ֆիլմը կցուցադրվի Երևանի պետական համալսարանի Մշակույթի կենտրոնում՝ մարտի 3­ին, ժամը 14:30­ին:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее