ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղրամյանը չի հերքում տեղեկություններն այն մասին, որ ՀՀ նախագահի արդեն նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին պատկանող գրասենյակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել:
«Այս պահին ես ոչինչ չեմ կարող ասել այդ մասին, գիտեմ, որ լրատվամիջոցները գրում են, բայց ես չեմ կարող ոչինչ ասեմ: Երբ անհրաժեշտություն առաջանա, մենք համապատասխան հայտարարություն կտարածենք»,-ԳԱԼԱ -ին փոխանցել է ԱԱԾ մամլո ծառայության պատասխանատու Արծվին Բաղրամյանը: Այն հարցին, թե «Արդյո՞ք ձեր այս պատասխանը ենթադրում է, որ դուք ոչ հաստատում ու ոչ էլ հերքում եք, որ Վ. Սեդրակյանին պատկանող օբյեկտներում խուզարկություն է իրականացվել, Ա. Բաղրամյանն ասել է. «Այո, ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ»:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ԱԱԾ աշխատակիցները այժմ «Միտք» վերլուծական կենտրոնում են: Իսկ քիչ առաջ խուզարկվել է նաև Վարդան Սեդրակյանի ավտոմեքենան:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել նաևայն մասին, որ Վարդան Սեդրակյանին ձերբակալել են, ինչին նա պատասխանել էր. «Թարսի պես չեն ձերբակալել»:
Ըստ շրջանառվող լուրերի, նրան կձերբակալեն այսօր, հենց ԱԱԾ-ն ավարտի խուզարկությունը:
Հավելենք, որ Վարդան Սեդրակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում:
ASEKOSE.am-ի թղթակիցը ևս փորձեց տեղեկատվություն ստանալ ԱԱԾ լրատվության բաժնից, որտեղից պատասխանեցին. «Մենք այս պահին տեղեկություններ չունենք այդ մասին»: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի հեռախոսահամարն էլ արդեն մի քանի ժամ է, ինչ անհասանելի է: