Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկի` Մամեդովի հայտարարությունից, պարզ է դառնում, որ Ադրբեջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային պրոցեսի գործուն ձևաչափ, ճիշտ չի ընկալվում:
Համանախագահների առաջնային առաքելությունը` ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղիների փնտրտուքն է, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում բանակցությունների անցկացման հարցում միջնորդական ծառայությունների իրացումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության կամ քայլերի արդյունավետության մասին կարելի է երկար դիտարկումներ անել, սակայն այդ ամենը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, երբ այդ համատեքստում չի առաջարկվում դրա այլընտրանքը:
Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ֆորմատի վարկաբեկմամբ ու այլընտրանքի չառաջադրմամբ, առաջ է գալիս խնդրի ռազմական ճանապարհով լուծման տարբերակը, ինչը ոչ մի ապագա չունի առաջին հերթին այն պատճառով, որ պատերազմով եղած հարցերն այդպես էլ վերջնական լուծում չեն ստանալու:
Ադրբեջանը բացեբաց հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից իր ակնկալիքը հետևյալն է` ուժի սպառնալիքի միջոցով հասնել Հայաստանի կողմից միակողմանի զիջումների: Այս իրավիճակում հասկանալի է դառնում, թե ինչու է Ադրբեջանը դժգոհ` նրան սկուտեղի վրա զիջումներ չի մատուցվում:
Ադրբեջանի այս քաղաքականությունը ոչ միայն խոչընդոտում է բանակցությունների փոխզիջումային ուղով լուծմանը, այլև առհասարակ հարցականի տակ դնում կոնֆլիկտի` բանակցությունների միջոցով լուծման հնարավորությունը: