Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Twitter-ում գրառում է արել այն մասին, որ Օլիմպիական խաղերը դիտվում են որպես մեծահոգության ստուգում, սակայն ինչպես երևում է, դա «վերաբերում է բոլորին, բացի հայերից»` ակնարկելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ առաջնագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Բացի այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքել էին տարածված լուրը` դրանք որակելով որպես ապատեղեկատվություն, կան մի քանի կարևոր հանգամանքներ, որոնք առնվազն ի ցույց են դնում Ադրբեջանի կողմից փաստերի ու իրադարձությունների սխալ համադրումն ու խեղաթյուրումը:
Առաջին. չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանցի պաշտոնյան պնդում է, որ զինծառայողը սպանվել է օլիմպիական խաղերի ժամանակ, Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` «միջադեպը» տեղի է ունեցել ոչ թե փետրվարի 7ին, այլ փետրվարի 6ին, ժամը 18:40-ի սահմաններում:
«Միջադեպի» մեկ այլ անորոշ դրվագ վերաբերում է «միջադեպի վայրին»: Որպես կանոն, առաջնագծում արձանագրվող միջադեպերի կամ դրանց առանձին դրվագների վերաբերյալ ադրբեջանական կողմը ներկայացնում էր դեպքի կոնկրետ ուղղությունը` ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գիծ կամ հայադրբեջանական սահման, նաև` կոնկրետ բնակավայրը, որի ուղղությամբ տեղի է ունեցել միջադեպը:
Փաստ է, որ այս «միջադեպի» հետ կապված` պաշտոնական հաղորդագրությունը ներկայացրել է մի շարք անորոշ պնդումներ, որոնք լրջորեն կասկածի տակ են դնում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության ճշմարտացիությունը:
Չի բացառվում, որ զինծառայողը, ում որպես «օլիմպիական զոհ» են փորձում ներկայացնել, իսկապես սպանվել է հայ դիպուկահարի կրակից, սակայն ակնհայտ է, որ դեպքը տեղի ունեցել շատ ավելի վաղ, քան ներկայացվում է: Միգուցե, այդ զինծառայողը սպանվել է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ու դիպուկահարների սադրանքները կանխարգելող գործողության արդյունքում, իսկ դիակը պահվել է և ներկայացնել որպես «թարմ դեպք»:
Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության վերաբերյալ, իր Twitter-յան էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. «Լրատվամիջոցները հայտնում են սահմանագծին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին: Ի՞նչ պատահեց օլիմպիական զինադադարին»:
Ամերիկացի համանախագահի մտահոգությունը մի կողմից, իհարկե, հասկանալի է` հաշվի առնելով համանախագահների վերջին տարածաշրջանային այցն ու դրա արդյունքում ձեռք բերված «օլիմպիական պայմանավորվածությունը»:
Մյուս կողմից, ամերիկացի դիվանագետը բավականին զգույշ ու նուրբ մոտեցում է դրսևորել Ադրբեջանի ՊՆ տարածած պաշտոնական հաղորդագրության հարցում այն իր գրառման մեջ ներկայացնելով որպես` «լրատվամիջոցների հայտնած հաղորդագրություն»:
Ամեն դեպքում այնպես չէ, որ Ադրբեջանից եկող լուրերը` նույնիսկ պաշտոնական հաղորդագրությունների կարգավիճակով, «հալած յուղի» պես ընդունվում են միջնորդների կողմից:
Ի վերջո, Ադրբեջանի գործելաոճը, որը վերջին 20 տարվա ընթացքում միայն տակտիկական փոփոխություններ է կրել, լավագույնս հայտնի է կոնֆլիկտը ուսումնասիրող ու դրա կարգավորմամբ զբաղվող շրջանակների համար: Այս պարագայում, դժվար է միանշանակ կարծել, որ ադրբեջանական «օլիմպիական տրյուկը» ծառայի իր նպատակին:
Ադրբեջանը «օլիմպիական տրյուկի» դիմեց
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet