Վերջին օրերին, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ընդառաջ, բավականին ակտիվություն են դրևսորում ադրբեջանցի այն պաշտոնյաները, որոնք որպես կանոն հանդես են գալիս բանակցային գործընթացի և Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների ակտիվ մեկնաբանողների դերում: Այդ մեկնաբանությունները իրար կապող առանցքային միտքը նախագահների առաջիկա հանդիպումն է, մասնավորապես, «այն գործոնները, որոնք կարող են ձախողումների, անպտուղ բանակցությունների» պատճառ դառնալ:
Այս համատեքստում, նախ` մեկնաբանություններով հանդես եկավ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը, ով նշեց, որ ՀՀ-ում շրջանառության մեջ դրված Ղարաբաղի ճանաչման նախագիծը «բացասական ազդեցություն է ունենում կոնֆլիկտի կարգավորման վրա և ուղղված է վիժեցնելու գործընթացը»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, տեղեկատվության ապահովման և քաղաքական անալիզի բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը հայտարարեց, որ նախագահների հանդիպման արդյունավետությունը կախված է նրանից, թե «արդյո՞ք Հայաստանը կառուցողականություն կդրսևորի իրեն»:
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը ևս անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված Արցախի ճանաչման մասին օրենքի նախագծին, նշելով, թե դրանով Հայաստանը ցույց տվեց, որ «ի վիճակի չէ ոչ միայն խաղաղ բանակցությունների անցկացմանը, այլ նաև ստանձնած պարտավորությունների կատարմանը»:
Նկատելի է, որ հնարավոր հանդիպումից առաջ, Ադրբեջանում փորձ են կատարում նախապես ստեղծել` հնարավոր ձախողումները Հայաստանի վրա բարդելու «փաստարկների բազա», ինչը հնարավորություն կտա, նախագահների մակարդակով հանդիպման ցանկացած արդյունքի դեպքում՝ գործընթացն ու զարգացումները ներկայացնել սեփական հետաքրքրությունների ներքո: Ըստ այդմ՝ ապահովագրելով Ադրբեջանին՝ անցանկալի հետևանքներից:
Ինչևէ, չֆիքսվելով այն խնդիրների վրա, որոնք այս կամ այն կերպ ազդեցություն ունեն բանակցային պրոցեսի վրա (դիպուկահարների, հետաքննության մեխանիզմների ներդրման, կողմերի միջև անվստահության խնդիրներ), պետք է նշել, որ առաջիկայում կայանալիք հանդիպման թիվ մեկ հարցը՝ բանակցային սեղանին գտնվող փաստաթղթի վերաբերյալ կողմերի մոտեցումներ են, որն ինչպես հայտնի է, դեռ 2011 թվականին Կազանում կայացված հանդիպման ժամանակ Ադրբեջանի կողմից մերժվել էր:
Հայաստանը և Կազանյան, և մինչ այդ կայացած հանդիպումների ժամանակ իր պատրաստակամությունն էր հայտնել՝ ստորագրելու այդ փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ առաջիկա հանդիպման ինտրիգը՝ Ադրբեջանի դիրքորոշման հարցն է, իսկ երբ ադրբեջանցի պաշտոնյաները «հույս են հայտնում, թե հանդիպման դրական արդյունքը կախված է Հայաստանի կառուցողականությունից», երկու բան է նշանակում. կամ նրանք տեղյակ չեն բանակցությունների ընթացքից կամ բանակցային սեղանին դրված փաստաթղթի վերաբերյալ դրական արտահայտվելը համարում են «ապակառուցողականություն»: Իրականում «գնդակը Ադրբեջանի դաշտում է» և նրա դիրքորոշումից է կախված, թե արդյո՞ք հնարավոր է առաջ շարժվել բանակցություններում, թե առաջիկայում «Կազան-2» է գրանցվելու:
Ադրբեջանը փորձում է ապահովագրել իրեն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet