Վերջին օրերին, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումների հետևանքով (հայկական կողմից 4 զինծառայող վիրավորվել է) լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է, ավելին, անընդհատ տեղեկություններ են ստացվում տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմի ակտիվացման մասին:
Իրավիճակն առավել վտանգավոր է դառնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվում ոչ միայն հայկական մարտական հենակետերի, այլ բնակավայրերի ուղղությամբ:
Այս և նմանատիպ միջադեպերը ևս մեկ առիթ են` անդրադառնալու միջնորդների կողմից ներկայացված՝ վստահության ամրապնդմանն ուղղված առաջարկի երկու կարևորագույն դրույթներին` առաջնագծից դիպուկահարների դուրս բերմանն ու սահմանագծին տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Մանավանդ, երբ այս պահին արդեն հայտնի է, որ ադրբեջանական կրակակետերից բացված կրակից վիրավորվածներից առնվազն երեքը հրազենային վիրավորում են ստացել դիպուկահարների կողմից:
Միջնորդների այս առաջարկին հայկական կողմը հավանություն էր տվել՝ համարելով, որ սրանց իրականացումը էականորեն կնվազեցնի սահմանագծին արձանագրվող միջադեպերի քանակը, սակայն ադրբեջանական կողմը ոչ մի կերպ չի տալիս իր համաձայնությունը, իսկ նախաձեռնությունը մնում է «օդում կախված»:
Ադրբեջանական վերջին սադրանքները որպես օրինակ դիտարկելու արդյունքում հստակ է դառնում, որ եթե կողմերը դիպուկահարներին առաջնային գծից դուրս բերած լինեին, ապա հնարավոր կլիներ խուսափել ոչ միայն լարվածության էական աճից, այլ երկուստեք վիրավորներից:
Ավելին, եթե Ադրբեջանն իր համաձայնությունը տված լիներ սահմանագծին հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկին, ապա կխուսափեր այնպիսի քայլերից, որոնք սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումների կհանգեցնեին, հակառակ դեպքում` դրանք առիթ կհանդիսանային Ադրբեջանի նկատմամբ ճնշումների իրականացման համար:
Ակնհայտ է, որ վստահության ամրապնդման միջոցների ընդունումը ձեռնտու չէ այն կողմին, որը փորձում է ամեն կերպ սրել իրավիճակը ոչ միայն սահմանագծում, այլև ողջ տարածաշրջանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը` ի դեմս միջնորդների, ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս զերծ մնա նման սադրանքներից, հայկական կողմը պետք է նոր մեխանիզմներ մշակի՝ պաշտպանելու իր զինվորների ու սահմանամերձ բնակիչների անվտանգությունը:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք