▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80»

Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանում պահվող գերիների մասին իրենց տվյալները որոշակիրեն տարբերվում են քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի` օրերս հրապարակած տվյալներից։

Բաքուն հայ գերիներին պահում է որպես պատանդ` ՀՀ-ից նոր քաղաքական ու տարածքային զիջումներ կորզելու համար։ Լրատվականի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը` արձանագրելով, որ ադրբեջանցի 2 հանցագործների դիմաց 32 հայ գերիների վերջին վերադարձից հետո ՀՀ–ում պահվող ադրբեջանցիներ այլևս չկան։
«Մենք նման դեպքեր տեսել ենք նաև ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման կամ որոշ բնակավայրերի հայաթափման դիմաց։ Առանձին դեպքերում հայկական կողմը միջնորդական ծառայություններ է ընդունել այնպիսի երկրներից, որոնք, ըստ էության, թշնամական են։ Ադրբեջանն այս ճանապարհով բարձրացրել է դրանց հեղինակությունը, որը ևս քաղաքական խնդիր է։ Խոսքը, մասնավորապես, Հունգարիայի մասին է։ Այսինքն, մյուս գերիների, քաղբանտարկյալների հայրենադարձումը ևս հնարավոր է, սակայն, դրա դիմաց անխուսափելիորեն ներկայացվելու են քաղաքական պահանջներ, առանց որոնց բավարարման Ադրբեջանը չի լուծելու որևէ մարդասիրական խնդիր»,– շեշտում է Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ իրենց հավաքագրած տվյալներով` Ադրբեջանի կողմից չհաստատված գերիների թիվն իրականում ոչ թե 32 է, այլ 80։

«Ունենք գերեվարման 80 դեպք, որոնք հաստատվում են ապացույցներով ու վկայում են գերեվարման վաղ փուլում կամ դրանից անմիջապես հետո այդ անձանց ողջ լինելու մասին։ Չեմ բացառում, որ այդ անձինք որակվեն որպես զոհվածներ, սպանվածներ ու դուրս բերվեն բռնի անհետացածների ցուցակից, եթե սպանվել են, կամ եթե լինեն ԴՆԹ համընկնումներ։ Բոլոր դեպքերում, մեր տվյալների համաձայն, չհաստատված գերիների թիվն ի սկզբանե եղել է 80-ը»,- ասաց զրուցակիցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее