▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է». ՊՆ խոսնակը` գերեվարված զինվորի «հարցազրույցի» մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ նախօրեին համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր առաջնագծում և անցել Ադրբեջանի ԶՈւ կողմից վերահսկվող տարածք, իբր «հարցազրույց» է տվել ադրբեջանական ANS հեռուստաալիքին:

 Հակոբը մասնավորապես պատմում է, որ իբր միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն իրեն ջրի է ուղարկել, իսկ ինքը հրաժարվել է հրամանանը կատարել, քանի որ հոգնած է եղել` ասելով, որ ավելի ուշ կգնա: Այս ամենից հետո հրամանատարը իբր հարվածել է աչքին: Արդյունքում` չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը` նա կամավոր անցել է ադրբեջանական կողմը:

 ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով միջադեպին, նշեց.

 «Մինչև չլինի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հստակ գնահատականը, մինչև չունենանք ադրբեջանական իշխանությունների պաշտոնական գնահատականը, մենք արձագանքել չենք կարող: Սա պաշտոնական չէ»:

Հարցին,արդյոք հնարավո՞ր է, որ զինվորը հոգեբանական և ֆիզիկական ճնշման տակ է նման մտքեր արտահայտել, Արծրուն Հովհաննսիյանը պատասխանեց.

«Ադրբեջանում ամեն ինչ հնարավոր է»:

Իսկ թե ինչպե՞ս կվարվի հայկական կողմը, եթե այնուամենայնիվ պարզվի, որ զինվորի պատմածի մեջ  ճշմարտություն  կա, ապա, ըստ Արծրուն Հովհաննիսյանի.

 «Եթե ապացուցվի, որ իրեն իսկապես նվաստացրել են, ապա համապատասխան մարդիկ համապատասխան պատիժ կստանան: Իսկ իր մասին արդեն հայտարարել ենք` անկախ ամեն ինչից` զինվորը կարող է հայրենիք վերադառնալ` առանց քրեական հետապնդումների»:

Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանի եղբայրն ասել է, թե ինքը չի հավատում ադրբեջանական վարկածին, քանի որ եղբայրը մշտապես գոհ է եղել ծառայությունից։ Ըստ նրա, թերևս եղբայրը Ադրբեջանի սահմանը հատել է վատ տեսողության պատճառով:

Հ.Գ. Ի դեպ` հնչող բոլոր կարծիքներում գերակշռող է հետևյալ տեսակետը. եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ իրականում եղել է այնպես, ինչպես զինվորն է պատմում, անտրաբամանական է, որ այդ պատճառով նա հատեր սահմանը` ինքնակամ  անցնելով իր ճանաչած թշնամու  տարածք:

Դժվար է հավատալ, հատկապես եթե  ադրբեջացիների կողմից բեմականացված «հարցազրույցների»  նախադեպ ունենք:

 

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее