Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, պարզվում է, դատվածություն ունի։

Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։
Հիշեցնենք, որ մարտի 17-ին Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ Նա 2018-ից մինչեւ 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, եւ հենց վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: Կայքին Առնակ Ավետիսյանի կենսագրությունից հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել։
Պարզվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երեւանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել եւ նրան պատճառել թեթեւ մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։ Մինչ դատաքննությունն սկսվելը ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով եւ հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ։
Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-1 եւ 375-2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության եւ պատժի:
Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է, տուժողը չի առարկել, որպեսզի նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


