Epress.am-ի փոխանցմամբ սեպտեմբերի 4-ի երեկոյան Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում դաժան ծեծի ենթարկված քաղաքացիական ակտիվիստ Արման Ալեքսանյանը երեկ Փակ շուկայի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ տեսել է իրեն ծեծած քաղաքացիներից երկուսին: Ճանաչելով նրանց՝ Ալեքսանյանը դիմել է իր գործով զբաղվող քննիչին, ով ևս Փակ շուկայի մոտ էր, սակայն քննիչը միջոցներ չի ձեռնարկել երիտասարդների ինքնությունը պարզելու համար և վերջիններիս բացատրություն տալու համար բաժին չի հրավիրել: Այս մասին Արման Ալեքսանյանը պատմել է կայքի թղթակցի հետ զրույցում:
Ակտիվիստի խոսքով՝ երբ ինքը մատնացույց է արել իրեն ծեծած երիտասարդներին, քննիչը միայն ասել է, որ գուցե «շփոթում է», և ոչինչ չի ձեռնարկել:
Կայքը փորձել է հարցի շուրջ պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն Ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանն ասել է, որ ծեծի դեպքի քննությունը շարունակվում է և ինքն ավելին ասել չի կարող: