▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալբերտ Մկրտչյանը չուզեց խոսել... Ինչու՞...

Դիտեցի ռուսական հեռուստաալիքներից մեկի հաղորդումը Մհեր Մկրտչյանի արգենտինյան թոռնուհու մասին... Ռուսական ալիքներով մեծ դերասանին նվիրված հաղորդումներում, ցավոք, ոչ միշտ է ներկայացվում ճշմարտությունը, ամեն ինչ արվում է՝ իրականությունը փոքր-ինչ այլ գույներով ներկայացնելու համար... Այս հաղորդումն էլ նման էր նախորդ հաղորդումներին... Չեմ ուզում խորանալ շատ բաների մեջ, չեմ ուզում որոշ ճշմարտություններ էլ ինքս բացել, մանավանդ այն օրերի մասին, երբ արտասահմանից վերադառնալուց հետո՝ Մհեր Մկրտչյանն արդեն ամբողջապես հոգով մահացած էր... Ես գրել ու տպագել եմ հոդված արտիստի կյանքի վերջին օրերի մասին... Չեմ մեղանչել ճշմարտության դեմ... Օրեր շարունակ Մհեր Մկրչտյանը չէր քնում, նա սարսափով էր անցկացնում իր գիշերները... Մի անգամ ինձ ցույց տվեց պահարանի հետնամասում կախված դաշույնը, որը պատկանում էր որդուն՝ Վահագնին: Քանիցս էր նա գիշերը արթնացել ու տեսել, թե ինչպես էր Վահագնը դաշույնը ձեռքին կռացել հոր վրա, որպեսզի սպաներ... Դա կյանք չէր, մղձավանջ էր... Տպավորություն ստեղծվեց, թե Մհեր Մկրտչյանը հարբեցողությունից է մահացել... Է՜հ... Այդ մեծ ողբերգության տեր մարդը մահացավ տառապանքից ու ցավից... Այո, Ֆրանսիայից վերադառնալուց հետո խմում էր, որովհետև այլևս վճռված էր նաև Վահագնի ճակատագիրը... Ես շատ հարգում եմ երիտասարդ բեմադրիչ Հայկ Օրդյանին, հավանում եմ նրա կինոն, բայց ի՞նչ գիտեր Հայկը Դոնարա Մկրտչյանի մասին... 
Սույն հաղորդմանը մասնակցում էր դերասանի փեսան՝ Երևանի պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Ավետի Տերտերյանը... Թող ների ինձ, բայց էկրանին ես չտեսա հոր ու դստեր փոխհարաբերություն, չտեսա մտահոգություն դստեր հանդեպ... Գիտեմ շատ մանրամասներ... Գիտեմ Նունեի ապրած դժվարին օրերի մասին, նրա ողբերգական վախճանի մասին... Ուստի՝ լռեմ... Ցավ պատճառեց այն, որ ներկայացվեց, իբր Մհեր Մկրտչյանը մահացել է անտերունչության մեջ, հարևանն է տեսել նրա անշնչացած մարմինը... Ճշմարտություններն այլ են... Փառք Աստծո. կա երաժշտագետ Էլինար Շահենը՝ մեծ գուսանի դուստրը, արտիստի հարևանուհին... Զարմանալի էր, որ չափազանց անգույն ներկայացվեց Թամար Հովհաննիսյանը, նրան խոսք ասելու հնարավորություն այդպես էլ գրեթե չտրվեց... Ալբերտ Մկրտչյանը չուզեց խոսել... Ինչու՞... Այս հարցի պատասխանը լավ գիտի Մհեր Մկրտչյանի փեսան, մինչդեռ հաղորդման մեջ Ալբերտ Մկրտչյանի հրաժարումը այլ ենթատեքստ ստացավ... 
Ինչևէ... Աստված ինձ ուժ և հնարավորություն տա, կգրեմ ողջ ճշմարտությունը Մհեր Մկրտչյանի ապրած կյանքի, երջանկության ու դժբախտության մասին... Պարզապես հիմա դեռ չեմ կարողանում... Սահմռկում եմ գրելու մտքից... Հիշում եմ նրա տանջահար դեմքը...

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее