ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ կխոսեր «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի մասին, ասաց, որ տարիներ առաջ, երբ խոսափողին էր մոտենում Ռաֆայել Իշխանյանը, բոլորն ասում էին, թե հայոց լեզվի դասը սկսվեց.
«Հիմա ուզում եմ ներկայացնել այն սխալները, որոնք անցած մեկ ամսվա ընթացքում առավել շատ են կիրառվել խորհրդարանում»,-ասաց Արամ Մանուկյանը` պագամավորներին մի քանի խորհուրդներ տալով.
«Խնդրում եմ, մի օգտագործեք գտնում եմ բառը, հայերենում չկա` գտնում եմ, որ այս խնդիրը պետք է այսպես լուծվի: Ճիշտ է` կարծում եմ, որ...: Շատ է կիրառվում ամենալավագույն բառը: Նման արտահայտություն գոյություն ունենալ չի կարող: Պարզապես` լավագույն: Սխալ է նաև սա. Գրանցվել է 108 պատգամավորներ: Թիվն արդեն հոգնակի է, ուստի` գրանցվել է 108 պատգամավոր»:
Արամ Մանուկյանը նշեց այն պատգամավորներին, որոնք հայոց լեզվի անաղարտության համար ջանք ու եռանդ չեն խնայում:
«Ամենամաքուրը խոսում է Պարույր Հայրիկյանը, բառապաշարի առումով ռեկորդը Լևոն Տեր-Պետրոսյանինն է»,-նշեց պատգամավորը` հավելելով, որ լեզուն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է:
Լեզվի դասը միանգամից տվեց իր արդյունքը: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթից հետո Հովիկ Աբրահամյանը ուղղում կատարեց.«Ոչ թե 7000 աշակերտներ, այլ` աշակերտ»: