▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները վատթարանում են

Վերջին տարիներին Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի հարաբերություններում շարունակական վատթարացում է նկատվում: Այս մասին Վաշինգտոնում անցկացված համաժողովի ընթացքում հայտարարել են ամերիկյան մի շարք փորձագետներ: Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչ, գնդապետ Ռիչարդ Օթզենի կարծիքով, պատճառներից մեկը Թուրքիայում ժողովրդավարության անբավարար մակարդակն է.

«Թուրքիան երբեք չի եղել ժողովրդավարության այն տեսակը, որը հավանության կարժանանար Կապիտոլիումի բարձունքին գտնվող խորհրդարանականների կողմից»:

Փորձագետների խոսքով, թուրքական կողմը բացասաբար է ընդունում Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի քրդերին տրամադրվող աջակցությունը, մինչդեռ ԱՄՆ-ում ակնկալում են, որ թուրքական կողմը ավելի դյուրազգաց կգործի ամերիկյան շահերը ներառող հարցերում: Ստամբուլի փորձագետներից Հասան Յալչինի կարծիքով, երբ հարցն ազգային անվտանգությանն է վերաբերում, մոտեցումներն այլ են.

«Այս անգամ ճգնաժամն այլ է, քանի որ այն ազդում է ազգային անվտանգության շահերի վրա, եւ Թուրքիան ու Միացյալ Նահանգներն այստեղ ծայրաստիճան տարբեր դիրքերում են գտնվում»:

Վերլուծաբանների կարծիքով, Սիրիայի հակամարտության շուրջ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումների հակասության պատճառներից մեկը Ռուսաստանի ներգրավումն էր, որը փոխեց Թուրքիայի ռազմավարական նպատակները: Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգների շահերն ավելի ճկուն էին եւ հարմարվեցին ստեղծված իրավիճակին, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը.

«Սիրիայի հակամարտությանը միջամտելով՝ Ռուսաստանը հիմնովին հակառակվեց Թուրքիային, որը Ասադի հեռացումը համարում էր ռազմավարական նպատակ, իսկ երբ հակամարտությունը փոխեց ուղղությունը, Թուրքիայի դիրքորոշումը մնաց անփոփոխ»:

Մասնագետների խոսքով, ամերիկա-թուրքական հակասությունների հետագա խորացումը կարող է ավարտվել երկու պետությունների հարաբերությունների իսկական ճգնաժամով.

«Մենք մոտենում ենք վտանգավոր մի սահմանագծի, որն անցել էինք միայն մեկ անգամ, 1975-ին, երբ Միացյալ Նահանգները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր ընդունել», - պատմում է գնդապետ Օթզենը:

ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը սակայն ավելի զգաստ է: Պետքարտուղարության հանրային կապերի բաժնի պետ Էլիզաբեթ Թրուդոն նշել է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների բարեկամ եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցն է, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Վաշինգտոնը բազմիցս է հիշեցրել Անկարային խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Ամրիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее